2026

«Արդախունի», «Ուրդեխե», «Արցախ». դրվագներ Արցախի պատմությունից

2024-04-25

Ուրարտական արձանագրություններում «Արցախ» անունն ավանդված է «Արդախունի», «Ուրդեխե» ձևերով, և այս անուններով կոչված տարածքը մտնում էր Վանի թագավորության (Ուրարտու) (մ․թ․ա․ 9-7-րդ դդ․), ապա մ.թ.ա. 6-3-րդ դդ․ նրան հաջորդած Երվանդունիների պետության սահմանների մեջ: Հստակ կարելի է փաստել, որ այդ ժամանակաշրջանում Արցախը գտնվում էր հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային ոլորտում: Ըստ «Աշխարհացոյցի»՝ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն էր:

Ըստ հույն աշխարհագրագետ Ստրաբոնի, Արցախն ուներ հարուստ տնտեսություն և պատերազմների ժամանակ հանում էր մեծաթիվ այրուձի: Մեծ Հայքի Տիգրան II Մեծ արքան (մ.թ.ա. 95–55) այստեղ կառուցել է իր անունը կրող քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը: Հետագայում՝ 66-428 թթ․ Արցախը Մեծ Հայքի Արշակունիների թագավորության կազմում էր:

Արցախում (ինչպես և ողջ Հայաստանում) 4-րդ դարի սկզբին տարածվել է քրիստոնեությունը: Հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորիչը Ամարաս ավանում (Արցախի Մարտունու շրջանում) հիմնադրել է առաջին եկեղեցին, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը: Գրիգորիսը մեծ դեր է խաղացել Արցախի և Ուտիքի, ինչպես նաև Բուն Աղվանքի մի շարք գավառներում քրիստոնեությունը քարոզելիս։ Աղվանքի տարածքում էլ նա հետագայում նահատակվել է Մազքթաց թագավոր Սանեսանի կարգադրությամբ: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը Ամարասի վանքում բացել է Արցախի հայկական առաջին դպրոցը:

Արցախի հայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Վարդանանց պատերազմին (450-451 թթ․): 451 թ. մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտում Արցախի այրուձին գլխավորել է Առանշահիկ Բակ իշխանը, որը ճակատամարտից հետո վերադարձել է Արցախ: Ավարայրի ճակատամարտից հետո էլ  հայերը Արցախում շարունակել են հերոսական պայքարը պարսից բռնակալության դեմ:

Արաբական տիրապետության հաստատումից (8-րդ դարի սկիզբ) հետո Արցախի հայությունը բազմիցս մասնակցել է հակաարաբական ապստամբություններին: 9-րդ դարի առաջին կեսին Հայաստանում հակաարաբական շարժումները գլխավորում էին նաև Արցախի Առանշահիկ տան երկու ճյուղերի ներկայացուցիչները`Եսայի Աբու-Մուսեն՝ Դիզակում, և Սահլ Սմբատյանը՝ Խաչենում: 850-ական թթ. Հայաստան ներխուժած արաբ զորավար Բուղան արշավել է նաև Հարավային Արցախ: Եսայի Աբու-Մուսեն, ամրանալով Քթիշ ամրոցում, մեկ տարի շարունակ ետ է մղել Բուղայի բոլոր գրոհները:

10-րդ դարից «Արցախ» անունը կորցրել է իր նախկին վարչաքաղաքական նշանակությունը և գործածվել է որպես աշխարհագրական հասկացություն: Եվ քանի որ նահանգի գերակշիռ մասն ընդգրկվել է Խաչենի իշխանության մեջ, նախկին անվանմանը փոխարինել է «Խաչենը»: 10-րդ դարից սկսած Խաչենի իշխանը Արցախի և հարևան հայկական շրջաններում առաջացած մանր իշխանությունների գահերեցն էր, այսինքն`իշխանների մեջ առաջինն էր։ Բյուզանդիայի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը (913–920 և 944–959 թթ․), թվարկելով Հայաստանի պետական կարևորագույն կազմավորումները, որոնց հետ բյուզանդական արքունիքը գրագրություն ուներ, հիշատակել է նաև Խաչենի իշխանին: Այսպիսով, Խաչենի իշխանությունը եղել է Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորներից մեկը:

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում