2025

Հայտարարություն Շուշին որպես 2024 թ․ Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելու վերաբերյալ

Ադրբեջանի կողմից  օկուպացված Շուշին` որպես 2024 թ. Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելը Շուշիի հայկական ինքնության կեղծման և Բաքվի կրոնական երկերեսանի քաղաքականության հերթական դրսևորումն է:

Ադրբեջանցիները հայտարարել են,  թե իրենց հիմնական նպատակներից է միավորել աշխարհի երիտասարդությանը և հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդներին ծանոթանալ Շուշիի պատմությանն ու մշակույթին:

Նմանատիպ միջոցառումների միջոցով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախի զավթումն ու արցախահայության էթնիկ զտումները։  Շուշիում հայկական քրիստոնեական հետքը ոչնչացնելով` Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել Շուշին` որպես ադրբեջանական քաղաք: Զավեշտալի է, որ Ադրբեջանը Շուշին հռչակել է Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք այն պարագայում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով բռնաճնշումների են ենթարկվում ադրբեջանցի մուսուլմանները։

Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ միշտ  ոտնահարվել են մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների  իրավունքները: Այդ երկրում  բանտարկված են հարյուրավոր հավատացյալներ:

Իսլամական երկիր համարվող Ադրբեջանում հաճախակի են փակվել մզկիթներ կամ, առհասարակ, մատնվել  անուշադրության: Արգելված է  բարձրախոսով ազան հնչեցնելը, կրոնական բովանդակությամբ պաստառներ փակցնելը, դպրոցներում հիջաբ կրելը: Սահմանափակված է նաև հոգևորականների` կրթություն ստանալու իրավունքը: Բացի այդ` Իսլամական համագործակցության կառույցի անդամ Ադրբեջանը Գազայի դեմ ռազմական գործողություններում բացահայտ  աջակցում է Իսրայելին։

Ուստի, Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և Շուշին ադրբեջանականացնելու հերթական փորձն  է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում