2026
2024-04-19
Պարսկական և վրացական տիրապետությունների հաստատումը Լոռիում (Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր և Ձորոփոր գավառները) իր ազդեցությունն է թողել տարածքի էթնիկական կազմի, ժողովրդագրական տեղաշարժերի ու վարչական բաժանման վրա:
Գավառի հայկական ժողովրդագրական նկարագրին լուրջ վնաս են հասցնում XVIII դարում տեղի ունեցած լեզգիների և ավարների ասպատակությունները: Դրանց անբաժան մասն էին նաև տեղի բնակչության գերեվարությունները: Հյուսիսկովկասյան լեռնականները, օգտվելով Պարսկաստանում տիրող խառնակ քաղաքական իրավիճակից, հաճախակի դարձրին ասպատակությունները: Լեռնականները մեծաքանակ գերիներով վերադառնում էին Դաղստան, որոնց այնուհետև վաճառում էին: Աղետալի էր հատկապես Թուրքիայի դրդումով Ավարայի Օմար խանի 1772 թ. արշավանքը, որն ուղեկցվեց սաստիկ կոտորածով: Արշավանքի նպատակն էր ստիպել վրաց Հերակլ II արքային հրաժարվել Ռուսաստանի հովանավորությունից: Օմար խանն արշավանք իրականացրեց 1782 թ.: 1783 թ. Գեորգիևսկի համաձայանգրով Ռուսաստանի հովանավորությունն ընդունելն էլ չկանխեց լեզգիների արշավանքերը: Օմար խանը արշավանք ձեռնարկեց նաև 1784 թ., որի ընթացքում նրա զորքերը հասան մինչև Արցախ։ Արշավանքի ընթացքում ձեռք բերած գերիներին խանը վաճառում է Ախալցխայի փաշային: Այս ասպատակությունների և արշավանքների հետևանքով նվազեց Լոռու քրիստոնյա, հատկապես հայ բնակչությունը: Առավել տուժած և անմարդաբնակ գյուղերն էին՝ Դսեղը, Շնողը, Սանահինը, Հաղպատը, Օձունը, Արդվին, Ախթալան, Գյումուշխանե բերդը և այլ բնակավայեր:
XVIII դարի սկզբների Պարսկաստանի ծանր վիճակից փորձեց օգտվել նաև Օսմանյան Թուրքիան: 1725 թ. Սարը Մուստաֆա փաշան գրավեց Լոռին, որը սակայն օսմանցիները ստիպված էին վերադարձնել Պարսկաստանին 1736թ. (Էրզրումի պայմանագրով):
Տարածաշրջանի համար կործանարար էին հատկապես Պարսից Աղա Մահմադ խանի 1795 և 1797 թվականների արշավանքները: Խանը նպատակադրվել էր վերահաստատել Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Քարթլի-Կախեթում և Արևելյան Այսրկովկասում։ Այդ արշավանքների հետևանքով Լոռին զգալիորեն հայաթափվում է: Լոռու և Ղազախի բնակչությունը շարժվում է Թիֆլիս՝ փորձելով այնտեղ ապահովություն գտնել, սակայն 1795 թ. գարնանը խանը գրավում և ավերում է նաև Քարթլի-Կախեթի պետության մայրաքաղաքը։ Վրաստանին հասցված վնասը լրացնելու, երկրի արևելյան և հարավային սահմանները հարձակումներից պաշտպանելու համար, Հերակլ թագավորը, հիմնականում Արցախից և Գանձակից, հայերի է բնակեցնում Վրաստանում և Սոմխեթում՝ Լոռու հյուսիսային հատվածներում: Թելավում բնակություն են հաստատում նաև Լոռուց, մասնավորապես` Հաղպատից գաղթած հայերը: Վերջինիս անունն էր կրում Թելավ քաղաքի մի թաղամաս:
Այնուամենայնիվ, վրացական տիրապետությանը չհաջողվեց փոխել Լոռու էթնոժողովրդագրական պատկերը հօգուտ վրացականի: Հայրենի օջախները լքածներից շատերը խաղաղ ժամանակահատվածներում վերադառնում են՝ գավառին կրկին հաղորդելով հայկական նկարագիր: Ավերված բնակավայրերը վերականգնելու նպատակով XVIII դարի վերջին վրացական արքունիքը Լոռու գավառը` որպես բնակության վայր, տրամադրում է Արցախի մելիքներին: Արցախի հայերը Լոռի եկան 1797-1798 թթ.` սովի և ժանտախտի տարիներին:
Աղա Մահմադի արշավանքներն ամայացրին Անդրկովկասի բազմաթիվ բնակավայրեր, փոխեցին էթնոժողովրդագրական պատկերը: Բնակչության մի մասը կոտորվեց, մյուսը բռնեց գաղթի ճամփան, շատերը ենթարկվեցին բռնագաղթի: Լոռին լքեցին տեղաբնիկ հայ ազնվականներից շատերը՝ կորցնելով հողերի նկատմամբ սեփականատիրական իրավունքը: Կորցրած հոդերի մի մասն անցնում է վրաց ազնվականներին:
Աղա Մահմադ շահը, Վրաստանը թուլացնելու նպատակով Լոռին և Ղազախն անջատելով Քարթլի-Կախեթի թագավորությունից, տվեց Երևանի խանին: Աղա Մահմադ շահի արշավանքը մեծ հարված հասցրեց նաև Ռուսաստանի` Անդրկովկասում հաստատվելու քաղաքականությանը: Վերջինս ձգտում էր իր ազդեցությունը տարածել տարածաշրջանի բնակչության վրա: Սակայն, ժամանակին չօգնելով Վրաստանին, տարածաշրջանում կորցրեց և՛ դաշնակցին, և՛ ազդեցությունը:
Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի