2026

1828-1830 թթ. հայ բնակչության տեղաշարժերի հետևանքները

2024-04-19

Արևելյան Հայաստանի տարածքում հայ բնակչության նվազման պատճառներն էին` պարսկական իշխանությունների` Հայաստանը հայ բնակչությունից դատարկելու քաղաքականությունը, որը իրագործվում էր տեղահանությունների և բռնագաղթերի միջոցով, թուրք-պարսկական պատերազմները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Հայաստանի տարածքում, սովը, համաճարակները, ավարառությունն ու գերեվարությունը, հյուսիսկովկասյան լեռնականների երկարատև ավերիչ ասպատակությունները: Հայ բնակչության թվաքանակի նվազմանը նպաստում էին նաև սոցիալական, ազգային և կրոնական ճնշումները:

Հայաստանում հայ բնակչության նվազման գործում XIX դարասկզբից սկսած  որոշակի դեր խաղացին նաև Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած ռազմական  հաջողությունները: Հայ ժողովուրդը փորձեց արտագաղթի միջոցով լուծել իր ֆիզիկական գոյության հարցը՝ մտնել ռուսական տիրապետության տակ, որտեղ կային կյանքի և գույքի ապահովության որոշակի երաշխիքներ: Ռուսական տիրապետության տակ անցած հայերի մեծամասնությունն այլևս չէր վերադառնում իր պապենական բնակավայրերը: Գոյապահպանության հարցը լուծվում էր ի վնաս բնօրրանի, որտեղ հայ բնակչությունն արագորեն նվազում էր: Փոխարենը ավելանում էր հայերի թվաքանակը Վրաստանում և ռուսապատկան այլ տիրույթներում:

1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմից հետո Ռուսաստանի տիրապետության տակ անցած Երևանի և Նախիջևանի նախկին խանությունների տարածք անցավ պարսկական տիրապետության տակ մնացած Մակուի, Խոյի և Սալմաստի տարածքներում բնակվող  8249 պարսկահայ ընտանիք: Պարսկահպատակ հայերի վերաբնակեցմամբ բարելավվեց Ռուսական կայսրության կազմի մեջ մտած Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը և մեծապես նպաստեց վերջինիս տարածքի վրա հայահավաքման և ազգահավաքման  գործին:

Ինչ վերաբերում է արևմտահայերի վերաբնակեցմանը, ապա 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներով Արևմտյան Հայաստանը վերադարձվեց Օսմանյան կայսրությանը,սակայն թույլատրվեց արևմտահայերի ատագաղթ Արևելյան Հայաստանի ռուսահպատակ տարածքներ: Էրզրումի, Վերին և Ներքին Բասենների, Ալաշկերտի, Բայազետի և Կարսի գավառների բազմաթիվ հայկական բնակավայրեր լքվեցին: Հատկապես հայազրկվեցին այն բնակավայրերը, որոնք ազգային կազմով միատարր չէին և խստորեն էին կրում ազգային ու սոցիալական ճնշման դառնությունները: Այդպիսի բնակավայրերի զգալի մասը մեկընդմիշտ կորցրեց իր հայ բնակիչներին, անցավ քրդերի ու թուրքերի ձեռքը` երբեմն էլ դառնալով անմարդաբնակ վայրեր:

Օսմանյան կառավարությունը, տեղի թուրք և քուրդ ավատատերերն իրենց տնտեսական վնասները սկսեցին հոգալ ի հաշիվ տեղում մնացած հայ գյուղացիության: Բարձրացվեցին հարկերը, հայկական գյուղերը հիմնականում զավթվեցին թուրք և քուրդ աղալարների կողմից: Ռուսաստանին անցած շրջաններից եկած մահմեդական բնակչությունը հիմնականում հաստատվեց Վերին և Ստորին Բասենների, Էրզրումի, Թորթումի և Սպերի  հայկական դատարկված գյուղերում:

Արևմտահայերի զանգվածային վերաբնակեցումն Արևմտյան Հայաստանի, հատկապես նրա արևելյան շրջանների համար ունեցավ ծանր հետևանքներ: Կրճատվեց հայ բնակչության թվաքանակը, ուժեղացավ ազգային և սոցիալական ճնշումը: Իսկ Անդրկովկասի կիսավեր դարձած գավառների համար վերաբնակեցումն ունեցավ շրջադարձային նշանակություն`աճեց հայ բնակչության տեսակարար կշիռը, բարելավվեց էթնիկական իրավիճակը:

Կրկին հայաշատ դարձան օտար տիրապետությունների ու պատերազմների հետևանքով ամայացած Արևելյան և Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ տարածքներ՝ Արևելյան Շիրակը, Գեղարքունիքը, Թալինը և այլ շրջաններ: Վերաբնակիչները, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շենացրին երկրամասը: Հին բայազետցիները հիմնադրեցին Նոր Բայազետ քաղաքը, կարսեցիները կենդանություն տվեցին ավերակված Գյումրիին, որը շուտով վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ դառնալով Անդրկովկասի հայ արհեստավորական կենտրոններից մեկը:

1830-ական թթ. արևմտահայ վերաբնակիչների փոքր մասը, սակայն  չստանալով ռուսական իշխանությունների խոստացած բարեկեցիկ կյանքի պայմանները, վերադարձավ Արևմտյան Հայաստան:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում