2025
Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի ռազմական գործողությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Բաքվի պաշտպանությունը, որը վճռական նշանակություն ուներ ոչ միայն Գանձակ-Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգների հայության, այլև նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագրի համար: Բաքվի պաշտպանության կազմակերպիչներից մեկը՝ գեներալ-մայոր Հակոբ Բագրատունին, իրավացիորեն նկատել է. «Բաքվի ինքնապաշտպանությունը հատկապես բացառիկ է հայության համար: Ինձ համար այլևս պարզ էր, որ գրավելով Բաքուն` թուրքերը հետևողականորեն կանդրադառնան բնաջնջումից զերծ մնացած հայկական վերջին շրջաններին՝ Ղարաբաղին և Երևանին, որը կնշանակեր մեր ժողովրդի ֆիզիկական կործանում, լրիվ վերացում...»[1]:
Բաքվի դեմ արշավանքով երիտթուրք-մուսավաթականների կողմից նախօրոք ծրագրված էր Բաքվի քրիստոնյա ազգաբնակչության և հատկապես հայերի ջարդը: Դրա վկայությունն է Գանձակից մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբուդ խան-Ջիվանշիրի՝ 1918 թ. հուլիսի վերջերին «Մուսավաթի» Բաքվի կոմիտեին հղած գաղտնի նամակը, որում մասնավորապես ասվում է. «Երբ քաղաքը գրաւենք, պիտի զատենք հայ մտաւորականները եւ պիտի ջարդենք բոլոր հայերը»:
Հարկ է նշել, որ Բաքվի դեմ օսմանյան բանակի արշավանքի ընթացքում հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման և բռնի տեղահանման հանցավոր քաղաքականությունն ընթանում էր երկրամասի ողջ տարածքով ՝ ներառելով ինչպես Գանձակ-Ելիզավետպոլ նահանգի` Կուրի ձախափնյակում գտնվող Նուխիի և Արեշի հայաշատ գավառները, այնպես էլ Բաքվի նահանգի` Գյոքչայի, Շամախիի, Ղուբայի շրջանները: Այս արշավանքի հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր հայեր[2]:
1918 թ. սեպտեմբերին թուրքական զորքերի կողմից Բաքվի գրավումից հետո տեղի ունեցած հայկական կոտորածների և հարակից դեպքերի մասին տեղեկություններ է հաղորդում Բաքվում արտակարգ իրավիճակների ղեկավար, թուրքական բանակի ավագ լեյտենանտ, ազգությամբ գերմանացի Պարաքվինը: Պարաքվինի՝ իբրև ականատեսի, վկայությունները մի շարք մանրամասներ են հաղորդում Բաքվում կատարված իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ փաստելով, որ հայերի կոտորածը նախապես ծրագրված էր և իրականացվում էր թուրքական կանոնավոր բանակի՝ Նուրի փաշայի և նրա զինվորականության աջակցությամբ[3]:
«Անկարգությունների մեծ մասը տեղի էին ունենում տների ներսում, - գրում է նա: -Այդ պատճառով փողոցներում համեմատաբար քիչ դիակներ կային: Դրանք մեծ մասամբ լցված էին փողոցների անկյուններում, այնպես որ հաճախ միայն հոտի միջոցով էին իրենց վրա ուշադրություն բևեռում: Մի տեղ ես տեսա յոթ դիեր, որոնք, մեծ մասամբ մերկ վիճակում, կիտված էին միմյանց վրա: Նրանց մեջ կային երեխաներ և մեկ ծննդկան: Գրեթե բոլոր դիակներն ունեին արյունահոսված տեղեր, որոնք առաջացել էին խզակոթի հարվածներից, և նաև ծակծկված էին: Նկուղներից դիերի հոտ էր փչում: Ես պետք է ընդգծեմ, որ սպանդի հետքերով գնալու համար շատ քիչ ժամանակ ունեի, քանի որ բոլոր կողմերից ողողված էին օգնության կանչերով: Այնուհանդերձ, անգամ իմ կարճ շրջագայությունների ժամանակ ես հանդիպում էի նախճիրի՝ այդ ակներև ապացույցներին: Փողոցները հատելու ժամանակ առանց այլևայլի այն տպավորությունն էր համակում, որ բոլոր տները՝ նկուղից մինչև տանիք, թալանված էին: ... Մի գերմանացի ինձ պատմեց, որ նա Նուրի փաշայի համհարզի հետ մտել է մի տուն, որտեղ, առանց տարիքի և սեռի խտրության, սպանված ընկած էին 13 վրացիներ: Երբ նա մատնանշել էր, որ նրանք վրացիներ էին, այսինքն՝ Գերմանիայի պաշտպանյալներ էին, ստացել էր հետևյալ պատասխանը. «Նրանց համարել են հայեր»[4]:
Սեպտեմբերի 15-ին, երբ Բաքուն ընկավ, թուրքական խուժանը, ներխուժելով քաղաք, երեք օր ու գիշեր բազմահազար հայությանը ենթարկեց կոտորածի: Մեծահասակներին ոչնչացնելու համար օգտագործվում էին տաք և սառը զենքեր, փայտեր, երկաթներ և քարեր, իսկ երեխաներին նետում էին օդի մեջ, զարկում մայթերին և այդպես սպանում: Քաղաքի մի շարք փողոցներ, ինչպես օրինակ` Ստանիսլավյանը, Մալականյանը, Տելեֆոնյանը, Տարգովյանը, Մորսկայան, Մեծ և Փոքր Բիրժևյանը, կողոպտվեցին հիմնովին: Կողոպտվեցին նաև Արմենիքենդը, Բալախանին, Սև քաղաքը: Այս տեղերում բոլորովին հայ չմնաց[5]:
Բաքվի արյունալի օրերի նկարագրությունները տալիս են ականատեսները. «Ընդհանուր պատկեր տալու համար անզոր է խոսքը: Այսքանը կասեմ, որ այդ երեք օրը կատարյալ «Բարդուղիմեոսյան գիշերներ» հանդիսացավ Բաքուն: Ես լսել, կարդացել էի «դիակների սարեր» դարձվածքը, բայց կարծում էի, թե այդ արտասանական մի չափազանցություն է, սակայն այժմ համոզվեցի, որ հիրավի, հնարավոր են դիակների սարեր: Տասնյակ հազարավոր ժողովուրդը, հուսահատ ճիչերով, տրորում էր ծովի ավազը, շատերն իրենց ջուրն էին նետում, շատերը իրենց երեխաներին ծովն էին ձգում, որպեսզի չտեսնեն նրանց զարհուրելի մահը: Առաջնորդարանը դարձել էր սգի և արցունքի պալատ, տառապանքի վայր, ուր, սակայն, հառաչանքներն և աղաղակներն անարձագանք էին մնում, որովհետև ինքը՝ առաջնորդը, նույնքան անզոր էր, որքան և յուրաքանչյուր հայ այդ վայրկյանին»[6]:
Հարկ է նշել, որ այս ոճիրներից հետո Բաքվի կայազորի պետ (կոմենդանտ) կարգվեց թուրք զինվորական Նազըմ բեյը: Գանձակից Բաքու տեղափոխվեց Ադրբեջանի կառավարությունը՝ Խան-Խոյսկու գլխավորությամբ: Բաքվի քաղաքային գործերի գլուխ անցավ երդվյալ հավատարմատար Կասումովը:
Բաքվի գրավումից հետո սկսվեցին ձերբակալություններ և գերեվարումներ, հայերը ենթարկվեցին նոր հալածանքների և բռնությունների: Թուրքական զորքերի հեռանալուց և անգլիացիների գալուց հետո, ըստ Բաքվի Հայոց ազգային խորհրդի կատարած ցուցակագրության (խոսքը Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ Աբրահամ Գյուլխանդանյանի մասին է), Բաքվի հայությունն ունեցել էր. սպանվածներ՝ 5248, անհայտացածներ` 3572, գերեվարվածներ` 3396, առևանգվածներ` 571, բռնաբարվածներ` 288, բանտարկվածներ՝ 253 հոգի: Բայց կային այնպիսինները, որոնք բնավ ցուցակների մեջ չէին մտել և հաշվի չէին առնվել: Անշուշտ, այդպիսինները կազմում էին պակաս թիվ, քան վերը նշվածները: Այսպես՝ ըստ Բ. Իշխանյանի՝ Բաքվում, նրա արվարձաններում և փախստավայրերում Բաքվի 89541 շնչից բաղկացած հայությունը մի քանի շաբաթների ընթացքում ունեցել է 25465 զոհ, որը կազմում էր հայ ազգաբնակչության 28.55%: Իսկ Բաքվի հայության կրած գույքային կորուստը հասնում էր ամբողջ 945 միլիոն ռուբլի գումարի[7]:
Դեպքերի վերաբերյալ ուշագրավ է հետևյալ փաստը. Բաքվի հայերի 1918 թ. սեպտեմբերյան կոտորածների գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Բ. խան Ջիվանշիրին սպանած հայ վրիժառու Միսաք Թորլաքյանի՝ Կ. Պոլսում 1921թ. սեպտեմբեր-հոկտեմբերի սկզբներին անգլիական ռազմական դատարանի կողմից անցկացված դատավարության ժամանակ Բաքվի 1918 թ. հերոսամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Գրիգոր Ամիրյանը հրապարակեց կոտորածներից առաջ Բ. խան Ջիվանշիրի կողմից Նուխիի, Արեշի, Շամախիի և Բաքվի քաղաքապետներին տրված ծածկագիր-հեռագիրը: Այստեղ հանցավոր կերպով հրահանգվում էր. «Սրբազան պատերազմ մըն է այս, մղուած՝ միացնելու համար բոլոր թուրք ցեղերը: Այս ի կատար ածելու համար անհրաժեշտ է, որ նախ հայ ցեղը բնաջնջուի: Հայերը խոչընդոտ կը հանդիսանան մեր քաղաքական ճամբուն վրայ, որ ուղված է դէպի Հնդկաստան: Անհրաժեշտ է ոչնչացնել հայերը, անոնց դիակներու վրաէն անցնելով մեր նպատակներուն հասնելու համար: Մի՛ խնայէք ոչ ոքի եւ հավատարմօրէն կատարեցէք ձեզի տրուած հրահանգները»[8]:
[1] Ստեփանյան Գ., Հայերի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության իրագործման փուլերը Արևելյան Այսրկովկասում (XI-XXդդ.), (մաս 3), Երևան, 2022, էջ 51:
[2] Նույն տեղում, էջ 51-52:
[3] Հայրունի Ա., Բաքվի 1918թ. սեպտեմբերի հայկական ջարդերը գերմանա-թուրքական հարաբերությունների համատեքստում, Էջմիածին, 2011, էջ 52:
[4] Նույն տեղում, էջ 52-53:
[5] Տեր-Մարտիրոսյան Հ. (Ա-դո), Հայության երկունքը, Երևան, 2019, էջ 584:
[6] Նույն տեղում, էջ 585:
[7] Նույն տեղում, էջ 586-587:
[8] Ստեփանյան Գ., Հայերի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության իրագործման փուլերը Արևելյան Այսրկովկասում (XI-XXդդ.), (մաս 3), Երևան 2022, էջ 52-53: