2026

Արցախի մելիքությունները

2024-04-17

ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ

1375 թ. Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո հայկական  լեռնային մանր մի շարք իշխանությունների, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել իրենց կիսանկախ գոյությունը:

Արևելյան Հայաստանում նման ինքնավար իշխանություններ պահպանվել էին Սյունիքում և Արցախում: Վերջինիս մասին տակավին 1307 թ. Հեթում Պատմիչը գրել է, որ, երբ թաթար-մոնղոլները «կալան զմեծն Ասիա ողջոյն, բաց ի թագաւորութենէն Ափխազաց` որ ի Վիրս, և բաց ի գաւառէ անտի թագաւորութեան Հայոց, որ ռամկօրէն կոչի Հալօյէն (Արցախ - Ա. Մ.): Այս երկու նահանգք զդէմ կալան Սարակինոսաց, և ոչ կամեցան բնաւ հպատակիլ նոցա» [1]:

Հայկական կիսանկախ իշխանություններից առավել հզոր էին Արցախի մելիքությունները, որոնց ինքնիշխան տիրակալները` մելիքները, մի քանի դար շարունակ հանդիսացել են հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրներ:  Իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ միջնադարում Արցախը կարողացել էր դիմակայել օտար նվաճողների ավերածություններին և հիմնականում պահպանել իր ինքնուրույնությունը: Արցախում մելիքները, թեև ընդունել էին նվաճողների գերիշխանությունը, բայց ներքին կառավարման հարցերում, այսինքն` հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին լիակատար գործելու ինքնուրույնություն: Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք: Արցախում և Սյունիքում մելիքական իրավունքը թեև հաստատվում էր Իրանի շահի հրովարտակով, սակայն այն, ըստ էության, ուներ ժառանգական բնույթ: Այդ հանգամանքը նպաստում էր մելիքական տների հզորացմանը:

XVI–XVIII դդ. Արևելյան Հայաստանի  կիսանկախ իշխանություններից առավել հայտնի էին Արցախի հինգ` Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ: Արցախի մելիքությունների սահմաններն էին.

  1. Գյուլիստան, որը սկսվում էր Կուրակ (Քյուրակ) գետից, Գանձակի սահմաններով և տարածվում մինչև Թարթառ գետը։ XVII դարի սկզբից Գյուլիստանի տիրակալների` Մելիք-Բեգլարյանների նստավայրն էր Գյուլիստանի բերդը և Թալիշ գյուղի մոտ` Հոռեկա վանքի դիմաց գտնվող ապարանքը։
  2. Ջրաբերդ, որը սկսվում էր Թարթառ գետից և տարածվում մինչև Խաչեն գետը: Գավառն իր անվանումը ստացել է մելիքանիստ ամրոց Ջրաբերդի անունից: Գավառի տիրակալներն էին Մելիք-Իսրայելյանները, որոնց նստավայրն էին Հին Մոխրաթաղի ապարանքը և Մայրաքաղաք (Քաղաքատեղ) բերդավանը:
  3. Խաչեն, որը սկսվում էր Խաչենագետից և տարածվում մինչև Կարկառ գետը: Խաչեն գավառի տիրակալները Առանշահիկ հնագույն իշխանական տոհմից սերված Հասան-Ջալալյաններն էին: Հասան-Ջալալյանների իշխանանիստ ամրոցներն էին Թարխանաբերդը (Խոխանաբերդ) և Կաչաղակաբերդը:
  4. Վարանդա, որը սկսվում էր Կարկառ գետից և տարածվում մինչև Քիրս-Դիզափայտ լեռնագոտին: XVII դ. սկզբից Վարանդա գավառի տիրակալներն էին Մելիք-Շահնազարյանները, որոնց նստավայրն էր Ավետարանոց (Չանախչի) բերդավանը:
  5. Դիզակ, որը սկսվում էր Դիզափայտի լեռնային գոտուց և Իշխանագետից ու տարածվում մինչև Արաքս գետը` Խուդափերինի կամրջի մոտ: XVIII դ. սկզբից Դիզակ գավառի իշխաններն էին Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ), որոնց ամրոցը գտնվում էր Տող ավանում:

Հայկական ինքնավար այս իշխանությունները XVII դ. վերջերից փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–1735 թթ. մարտնչել են Այսրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ` ինքնաբերաբար դաշնակցելով Իրանին: Գնահատելով հայերի ծառայությունները թուրքերի դեմ մղված պայքարում` Իրանի Նադիր շահը 1736 թ. Ղարաբաղի բեկլարբեկությունը բաժանեց երկու մասի: Գանձակի խանությունից անջատելով Արցախը` այն դարձրեց վարչական առանձին միավոր` Խամսայի մելիքություններ (պարսկերեն` «Մահալ-ե խամսե») անունով: Դիզակի Մելիք-Եգանը նշանակվեց Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ: Այդ մասին է վկայում Մելիք-Եգանի  ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը. «Շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրը օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների` Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան և բեկլարբեկի կարգեց» [2]: Մելիք-Եգանի միջոցով էր հավաքվում Արցախի հինգ մելիքությունների հարկերը և հանձնվում շահական գանձարան:

Այսպիսով` Այսրկովկասում Քարթլի-Կախեթի վրացական վալիության կողքին առաջին անգամ ստեղծվում է «Մահալ-ե խամսե» անունով հայկական առանձին բեկլարբեկություն, որն ընդգրկում էր պատմական Արցախն ու մինչև Արաքսի ափը ձգվող հարակից տարածքները: Հայ իրականության մեջ Արցախի մելիքությունները մնացել էին այն միակ ուժը, որոնց հենքի վրա հնարավորության դեպքում կարող էր վերստին ստեղծվել հայոց պետականությունը: Պատահական չէր, որ Արցախի մելիքներն իրենց համարում էին «հայոց թագաւորաց ազնիւ զինվորաց մնացեալ ժառանգք» [3]:

1752 թ. Վարանդայի տխրահռչակ Մելիք-Շահնազար Բ-ի թողտվությամբ Արցախում հաստատվեց քոչվոր ջևանշիր ցեղի սարըջալլու ճյուղի ցեղապետ Փանահ խանը: Վերջինիս հայտնվելուց հետո Խամսայի մելիքները Արցախում ստիպված էին  դիմակայելու նոր մարտահրավերների։ Հենց Փանահի օրոք սկսվեց այլացեղ և այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն Արցախ: «Ղարաբաղի նորահաստատ խանության համար կարևոր քաղաքական հարց էր մահմեդական ազգաբնակություն կազմելը երկրի այն կողմերում, ուր չկար այնպիսի տարր, որը պիտի խանական իշխանության նեցուկը դառնար: Փանահ խանը, դավաճանությամբ սողոսկելով զուտ հայաբնակ Խամսայի երկրի սիրտը, շուտ զգաց, որ Շուշու ժայռերը դեռ բավարար հիմք չեն տիրապետություն հաստատելու համար,- իրավացիորեն գրում է Լեոն,- և նա շտապեց թուրք թափառական ցեղեր գրավել դրսից` հարևան խանություններից` խոստանալով նրանց զանազան արտոնություններ: Այսպիսով, Վրաստանից և այլ տեղերից Ղարաբաղ փոխադրվեցին փյուսյան, կարաչարլի, ջինլի, դեմիրչի-հասանլու, ղըզըլ-հաջիլի, սաֆի-քյուրդ, բոյ ահմեդլի, սահաթլի, քենգերլու և այլ շատ թափառական ցեղեր: Հոր օրինակին հետևելով` Իբրահիմ խանն էլ ամեն ջանք գործ էր դնում` դրսից բերելու նոր մահմեդական տարրեր» [4]:

Արցախի տարածքում թուրք-թաթարական քոչվոր ու կիսավայրենի ցեղախմբերի բնակեցումը իսկական չարիք դարձավ արցախահայության համար: Այդպիսով` Արցախում բնակվող միատարր ու միաձույլ հայության մեջ մտավ օտարասեռ էթնիկ տարրը: Խաշնարած ցեղերի` Արցախ ներթափանցելուց հետո սկսվեց սուր հակամարտություն բնիկ հայերի և եկվոր էթնիկ տարրերի միջև: Բերված ցեղախմբերը, առաջին հերթին, Փանահ խանի համար հուսալի դաշնակիցներ էին Արցախի` իրեն չենթարկվող մելիքությունների դեմ պայքարում [5]:

Փանահ խանի մահից հետո (1762 թ.) նրա որդին և հաջորդը` Իբրահիմ խանը (1762–1806 թթ․), ստիպված էր երկար պայքար մղել հայկական ինքնիշխան մելիքությունների դեմ: Ղարաբաղի նորահաստատ խանության դեմ մելիքների չմարող պայքարը հաշվի առնելով`1780-ական թվականներին Ռուսաստանում մտադրվել էին վերականգնել հայոց պետականությունը` վերացնելով դեռևս 30 տարի առաջ ստեղծված Ղարաբաղի խանությունը:  

Ղարաբաղի խաներին չհաջողվեց վերջնականապես ճնշել մելիքների դիմադրությունը: Պայքարը շարունակվեց մինչև 1813 թ., երբ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի պայմանագրով Արցախն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Հեթում Պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վենետիկ, 1842, էջ 24:
  2. Փափազյան Հ., Մելիք-Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1985, N 5, էջ 77:
  3. Армяно-русские отношения в XVIII веке. Сборник документов, т. IV, Ереван, 1990, с. 179.
  4. Լեո, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Եր., 1973, էջ 303:
  5. Մաղալյան Ա., Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ., Եր., 2007, էջ 182:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում