2024

Ալիևյան ռեժիմը շարունակում է խորացնել թշնամանքը և յուրացնել հայկական տարածքները

Մայիսի 10-ին ադրբեջանական լրատվական կայքերում տարածվեց Ալիևի հնչեցրած ուղերձը, որում հստակ երևում են ադրբեջանական ներկա իշխանությունների նկրտումները՝ յուրացնել և ջնջել հայկական ինքնությունն ու հետքերը բռնազավթված տարածքներում։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «․․․Սկսած 2003 թվականից, ամեն ինչ արեցի ձեզ և բոլոր նախկին գաղթականներին հայրենի հողեր վերադարձնելու համար։ Մենք պատրաստվեցինք, հզորացրինք մեր երկիրը, հզորացրինք մեր տնտեսությունը, ստեղծեցինք հզոր բանակային ներուժ։ Ամենակարևորը՝ մենք մեծացրել ենք երիտասարդ սերունդ, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրել են Շուշան, որն այսօր մեր հպարտության աղբյուրն է, և մյուս հողերը։․․․Մենք դաստիարակեցինք գրագետ, կիրթ, հայրենասեր, ֆիզիկապես ուժեղ, բարոյապես առողջ, ազնիվ երիտասարդ սերունդ, և նրանք, դեմ առ դեմ գնալով թշնամուն, իմ հրամանով 44 օրում ազատագրեցին հողերը։ Այսօրվա համար մենք նրանց ենք պարտական, մեր փառապանծ բանակին ենք պարտական, մեր Զինված ուժերին ենք պարտական, մեր նահատակներին»։

Իր ելույթում Ադրբեջանի ղեկավարը չի թաքցնում հստակ ընդգծված հայատյացությունը: Շուրջ երկու տասնամյակ Իլհամ Ալիևը ադրբեջանական հասարակությանը նախապատրաստել է արյունահեղ պատերազմի, խախտել միջազգային բոլոր ջանքերը, արհամարհել միջպետական հարաբերությունները, որոնք ուղղված են եղել վերջին տասնամյակների ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը: Ադրբեջանի ղեկավարը անթաքույց ցույց է տալիս, որ երբեք էլ չի դադարել պատերազմ հրահրելուց և, ինքն է նախաձեռնել հայ-ադրբեջանական պատերազմները (2016 թվականի Քառօրյա պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, ինչի արդյունքում Արցախը վերջնականապես հայաթափվեց):

«Ադրբեջանական ժողովուրդը ցույց տվեց այնպիսի հերոսություն, այնպիսի նվիրում, որ այսօր ամբողջ աշխարհը խոսում է Ադրբեջանի որդիների մասին և հարգում մեր ժողովրդին։ Որովհետև մենք մեր իրավունքները վերականգնեցինք ոչ թե բանակցություններով, ոչ թե ուրիշի զիջումներով, այլ մարտի դաշտում.  ազատագրեցինք մեր քաղաքները, գյուղերը, արյուն թափեցինք, կորուստներ կրեցինք։ 44 օրվա ընթացքում ողջ ադրբեջանական ժողովուրդը համախմբվեց մեկ բռունցքի մեջ»:

Իր ուղերձում Ալիևը շեշտում է, որ արյուն թափելը, առանց բանակցությունների կոնֆլիկտը պատերազմով «լուծելը» իրենց «ձեռքբերումն է», «հերոսությունն» է: Նա նսեմացնում է միջազգային հանրության ջանքերը, որը կարող էր հակամարտությունը հարթել, եթե Ադրբեջանը գործեր քաղաքակիրթ և ժողովրդավարական արժեքներին համահունչ:

«․․․Ստոր թշնամին սխալ է հաշվարկել. նրանք այնքան էին հավատում իրենց հորինած առասպելներին, որ հավատում էին, թե կարող էին հավերժ պահել մեր հողերը օկուպացված։ Նրանց հովանավորները՝ մեծ տերությունները, որոնք կանգնած էին նրանց թիկունքում, ավելի ամրապնդեցին այդ վստահությունը։ Բայց մենք վստահ էինք, գիտեինք, որ գալու է օրը, և մենք վերադառնալու ենք հայրենի հողեր»,- նշել է Ադրբեջանի բռնապետը:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը դառնում է անհնար, որովհետև ալիևյան ռեժիմը շարունակում է վարել հստակ մտածված և մշակված թշնամական քաղաքականություն։ Հային սպանողին հերոսացնելը նորություն չէ: Ադրբեջանն արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ գնում է դեպի խաղաղություն, սակայն ներքին լսարանին խաղաղություն չի քարոզում.

 «․․․Ես` որպես նախագահ, երկար տարիներ փորձել եմ այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով, և իմ գործունեությունն ակնհայտ է եղել. տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հանդիպումներ ու բանակցություններ։ Բայց ամեն ինչ անօգուտ: Ինչու՞: Որովհետև Հայաստանը, նորից եմ ասում, ուզում էր մեր հողերը ընդմիշտ պահել օկուպացիայի տակ։ Իսկ նրանց թիկունքում կանգնած երկրները, որոնք իբր միջնորդ էին հանդես գալիս, ցանկանում էին հավերժական դարձնել այս օկուպացիան»։

Կարևոր է` խոշոր տերությունների ուշադրությունը հավիրել այն փաստին, որ Ադրբջանը ոչ միայն ուրանում է իրենց ներդրած ջանքերը, այլև ուղիղ մեղադրում նրանց` հակամարտությունը չլուծելու համար:

Հակառակորդին նսեմացնելու, ստորացնելու և անմարդակային ներկայացնելու ադրբեջանական քաղաքականությունը շարունակվում է ամբողջ թափով։ Իր ելույթում նվաստացնելով հայ զինվորներին` Ալիևը նպատակ ունի պահպանել հայ և ադրբեջանցի ժողովուրդների թշնամանքը և թույլ չտալ երկխոսության եզրեր գտնել:

«44-օրյա Հայրենական պատերազմը մեր փառավոր պատմությունն է, և ադրբեջանական ժողովուրդը միշտ հպարտանալու է այս հաղթանակով։ 44 օր մենք ամեն օր առաջ էինք գնում։ Ի տարբերություն հայկական բանակի` մեր զինծառայողներից ոչ մեկը չի լքել մարտադաշտը. նրանք իրենց իսկ խոստովանությամբ մոտ 12 հազար դասալիք են ունեցել։ Մեր զինվորներն ու սպաներն ամեն օր առաջ էին գնում, և պատերազմի առաջին օրը տարած հաղթանակը՝ մի քանի գյուղերի ազատագրումը, շարունակվեց մինչև վերջին օրը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Շուշա քաղաքի ազատագրումը կոտրեց թշնամու թիկունքը»։

Իր ուղերձում Ալիևը նշում է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Շուշիում ծավալված շինարարական և «վերականգնողական» աշխատանքների մասին՝ հայերին մեղադրելով մշակութային վանդալիզմի մեջ: Մինչդեռ ամբողջ աշխարհին պարզ է և տեսանյութերով փաստված, որ Շուշիի բռնագրավումից հետո Ադրբեջանը  բոլոր լծակներով ոչնչացնում է ոչ միայն Շուշիի, այլև բռնազավթված տարածքների հայկական պատմամշակութային ժառանգությունը: Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում երկու անգամ հրետակոծվեց Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հիմնովին ավերվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է նաև Կանաչ Ժամ անունով, Շուշիի հին գերազմանոցը:

Շուշիի թանգարաններն ու թանգարանային հավաքածուները բռնագրավված են,  և անհայտ է նրանց ճակատագիրը:

Ալիևն իր ուղերձում հստակ սպառնալիք է ուղղում Հայաստանի Հանրապետությանը և նշում, որ եթե իր «հրամանները» չկատարվեն, ապա նորից պատերազմ կսկսվի։ Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարին պետք է լրջորեն զսպի միջազգային հանրությունը, քանի որ այս քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, այլև ողջ տարածաշրջանի ապակայունացման համար:

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի