2024

Ադրբեջանական գիտական կեղծ թեզերն ու պետական քարոզչությունը միջազգային հրատարակություններում

Ադրբեջանական հակահայկական գիտական կեղծ թեզերը միշտ էլ շրջանառվել են հանրային տարբեր խողովակների միջոցով՝ համացանց, միջազգային գիտաժողովներ, զանազան միջոցառումներ և գիտական հրատարակություններ։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նմամանտիպ հաղորդումների ու հրատարակությունների թիվն էապես աճեց՝ ընդգրկելով միջազգային տարբեր հարթակներ։

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան շարունակում է գիտական կեղծ թեզերի միջոցով յուրացնել ու վերացնել բռնազավթված հայկական տարածքների ժառանգությունը, պատմությունն ու ինքնությունը:

Դրա օրինակներից մեկը Շուշիի բռնայուրացումն է, որը մի կողմից ներկայացվում է որպես «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք», «Ղարաբաղի մարգարիտ» և «ադրբեջանական երաժշտության օրրան», մյուս կողմից՝ քանդվում և ոչնչացվում է Շուշիի հայկական ժառանգությունը, պատմական հետքը:

Դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երկու անգամ հրետակոծվեց հայերի հաղթանակի խորհրդանիշը համարվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, իսկ այնուհետև սկսվեց եկեղեցու արտաքին տեսքի փոփոխությունը: Շուշիում հիմնովին ավերվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է նաև Կանաչ Ժամ անունով, Շուշիի հին գերեզմանոցը:

2022 թվականին լույս է տեսել «Շուշա»` յոթ մասից բաղկացած գիրքը և հրատարակվել տարբեր լեզուներով` իտալերեն, հունարեն, արաբերեն (Հորդանանում), բուլղարերեն, լատվիերեն, տաջիկերեն և ֆրանսերեն։

Գիրքը պետական պատվերով գրված, հստակ ուղերձ ունեցող աշխատանք է, որի նպատակն է Շուշին ներկայացնել ադրբեջանական քաղաք՝ ջնջելով քաղաքի պատմական հայկական հետքը։ Գիրքը հեղինակել է Ադրբեջանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի աշխատակից, քաղաքական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղյան ժառանգություն» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլչին Ահմադովը: Համահեղինակներն են Դանիել Պոմիեր Վինչելին, Կասպարս Կլավինսը, Նիգար Սուլտանովան և Ժան-Միշել Բրունը:

Գիրքը հրատարակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Ադրբեջանի ազգային հանձնաժողովի աջակցությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հռոմում, Սոֆիայում, Ամմանում, Ռիգայում, Դուշանբեում։

Գրքում կեղծվում է հայկական մշակութային ժառանգությունը` այն ներկայացվելով աղվանական և ադրբեջանական: Աշխատության մեջ առաջ է քաշվում այն կեղծ թեզը, թե իբր 20-րդ դարավեջին Հայաստանը մշակութային վանդալիզմ է իրականացրել այսպես կոչված «ադրբեջանական ժառանգության» հանդեպ։

Ադրբեջանը ներկայացվում է որպես Շուշի քաղաքի «ազատագրող», այն դեպքում, երբ 2020 թ. պատերազմի ընթացքում և հետո այդ պետությունը խեղաթյուրում է Շուշիի հայկական պատմամշակութային  դիմագիծը:

Գիտական նմանատիպ «հետազոտությունները» պետք է կանխվեն գիտական շրջանակների կողմից, որովհետև նպաստում են Ադրբեջանի կողմից տարածաշրջանում վանդալիզմի իրականացմանը և մշակութային ցեղասպանությանը: