2024

«Հարավային Ադրբեջանի» թեզի առաջմղումն Ադրբեջանի Հանրապետությունում

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվորեն առաջ է մղում, այսպես կոչված,  «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ հստակ նկրտումներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ։ Սակայն տասնամյակներ շարունակ Բաքուն առաջ է մղել նաև «Հարավային Ադրբեջանի» թեզը՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների նկատմամբ։ Այդ թեզի համաձայն` 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ադրբեջանը բաժանվել է Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Ադրբեջանների: Այս թեզի շրջանակներում «Մեծ Ադրբեջանի» մաս են համարվել  Իրանի Արևելյան Ատրպատական, Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Ղազվին, Զանջան նահանգները, որտեղ բնակչությունը հիմնականում թյուրքախոս է։ Բայց երբեմն ադրբեջանական քարոզչամեքենան դուրս է գալիս այս շրջանակներից՝ «պատմական Ադրբեջանի» մաս ներկայացնելով ընդհուպ մինչև Թեհրան գտնվող տարածքները։

 

Արցախը, Հայաստանի, Վրաստանի, Դաղստանի ու Իրանի տարածքները ներառող «Մեծ Ադրբեջանը»՝ ադրբեջանական դպրոցական դասագրքում

Իրանի նկատմամբ այս տարածքային պահանջները սկզբնավորվել են Արաքսից հյուսիս Ադրբեջան անվանումով պետության կազմավորումից հետո։ Մինչև 1918 թ․ Ադրբեջան անվանումը առնչվել է միայն Արաքսից հարավ ընկած տարածքներին՝ պատմական Ատրպատականի երկրամասին։

Ադրբեջան (պարսկերեն՝ Ազարբայջան) անվանումը Ատրպատականի՝ նոր դասական պարսկերեն Āδarbādagān/Āδarbāygān-ի  արաբականացված տարբերակն է, որն էլ միջին պարսկերեն Āturpātakān ձևից է առաջացել։ Այսօր էլ Ադրբեջան են կոչվում Իրանի Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգները։

Արաքսից հյուսիս Ադրբեջան անունով պետության ստեղծումը որոշակի շփոթ է առաջացրել, սակայն այդ անվանումն դիտավորյալ է  ընտրվել: Դեռևս 1918 թ․ Իրանը բողոքի նոտա է հղել Օսմանյան կայսրությանը, որը կանգնած էր այդ անվան ընտրության հետևում։

Ըստ հայտնի արևելագետ Վ․Բարտոլդի՝ Արաքսից հյուսիս ստեղծված պետության համար պետք է ընտրվեր Առան, ոչ թե Ադրբեջան անվանումը։ Դեռևս 1924 թ․ Բարտոլդը նշել է, որ Արաքսից հյուսիս պետությունը Ադրբեջան անվանելը հետագայում «երկու Ադրբեջանների միավորման» նպատակ է հետապնդել։ Այս գաղափարն առաջ է տարվել ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Ադրբեջանի անկախացումից հետո։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Խորհրդային զորքերը բռնազավթել են Իրանի հյուսիս-արևմուտքը և այնտեղ հռչակել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն։ Այս հարցում մեծ դերակատարում են ունեցել Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները։ Բայց  Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը կարճ կյանք է ունեցել։ Իրանի կենտրոնական իշխանություններին հաջողվել է այս շրջաններում իրենց իշխանությունը վերահաստատել և մինչև օրս էլ իրանական օրացույցով ազար ամսվա 21-ը (դեկտեմբերի 12) նշվում է որպես Ատրպատականի փրկության օր։

Չնայած այս ճգնաժամի հաղթահարմանը՝ Իրանի հյուսիս-արևմուտքի նկատմամբ նկրտումները չեն դադարել։ Ադրբեջանի անկախացումից հետո «երկու Ադրբեջանների» միավորման թեզի պաշտպան է հանդիսացել նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։ 1991 թվականին, Հեյդար Ալիևը, որն զբաղեցնում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, դեկտեմբերի 31-ը հռչակել է «համայն աշխարհի ադրբեջանցիների օր»՝ նկատի ունենալով նաև Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոս բնակիչներին։ Ըստ ադրբեջանական քարոզչության՝ այդ օրը նշելու համար առիթ է հանդիսացել 1989 թվականի դեկտեմբերին Նախիջևանի և Իրանի միջև սահմանների «վերացումը»: Արդեն Հեյդար Ալիևի, ինչպես նաև Իլհամ Ալիևի նախագահության շրջանում,  պաշտոնական մակարդակում Ադրբեջանը համեմատաբար զգուշավորություն է դրսևորում այս հարցում՝ միաժամանակ ներքին օղակներում խրախուսելով թեզի առաջմղումը։

Թեման, օրինակ, «տաք է պահվել» «գիտական հետազոտություններում»։  Հարկ է նշել, որ դեռևս 1976  թվականի Ադրբեջանի Գտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում բացվում է «Հարավային Ադրբեջանի» բաժինը, որտեղ զբաղվում են «Հարավային Ադրբեջանի» մասին ուսումնասիրություններով:

Ադրբեջանում «Հարավային Ադրբեջանի» թեզի ակտիվացումն ու պաշտոնական մակարդակում դրա բացահայտ շահարկումները հիմնականում համընկնում են Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարված շրջափուլերին (2000-ական թվականներ, 2010-ական թվականների սկիզբ, 2020 թվականից հետո): Օրինակ` 2006 թվականի մարտին Բաքվում «Աշխարհի ադրբեջանցիների» համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ամբողջ աշխարհում մենք 50 միլիոն ենք: Սա աշխարհի մասշտաբով հսկայական թիվ է: Մեր բոլորիս հայրենիքը միակն է` Ադրբեջանը»: 2010-ական թվականների լարված շրջափուլի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները նույնիսկ առաջարկել են Ադրբեջանը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան: Այդ ընթացքում Բաքվում նաև «Հարավային Ադրբեջանի ազգային պայքարին ու ապագային» նվիրված գիտաժողովներ են անցկացվել:

Ադրբեջանում «Հարավային Ադրբեջանի» թեզը ավելի է ակտիվացել Արցախյան 44- օրյա պատերազմից հետո: Ադրբեջանական պաշտոնական ԶԼՄ-ներում «Հարավային Ադրբեջան» եզրույթի կիրառումը, «հարավային ադրբեջանցիների» մասին հիշատակումները կտրուկ աճել են 2021-2023 թթ՝ Իրանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերություններին զուգահեռ։ Սա է փաստում Ադրբեջանի պետական լրատվական գործակալություններից Trend․az-ի կայքում մեր կատարած ուսումնասիրությունը։

 

 

Սկսած 2022 թվականի աշնանից` ադրբեջանական հեռուստատեսությամբ  եղանակի տեսությունը ներկայացնելիս սկսել են ներառել «Հարավային Ադրբեջանը», իսկ լուրերի հաղորդավարները ողջույններ են հղել Արաքսից հարավ։ Այս գործելաոճին խթանել են նաև լայնամասշտաբ ցույցերը Իրանում։

Նույն ժամանակահատվածում Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ հարթակ տրամադրելով Իրանից սերող անջատողական տարբեր գործիչների։ Մասնավորապես՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հարցազրույցներ են անցկացրել «Հարավային Ադրբեջանի ազատագրության ճակատ» անունը կրող կազմակերպության  առաջնորդ Մահմուդ Չեհրեգանիի հետ: Բաքու, ինչպես նաև Արցախի բռնազավթված և Իրանին սահմանակից շրջաններ է ցուցադրաբար այցելել պանթյուրքական ամենամեծ քարոզչամիջոցի՝ Günaz TV-ի ղեկավար Ահմադ Օբալըն:

2022 թվականի նոյեմբերին` Թյուրքախոս երկրների գագաթնաժողովի ժամանակ, Ալիևը խոսել է ամբողջ աշխարհում 40 մլն ադրբեջանցիների (2006 թվականին՝ 50 մլն) մասին՝ շեշտելով, որ նրանցից շատերը զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից՝ նկատի ունենալով Իրանի թյուրքախոս բնակիչներին: Այնուհետև Ալիևն արդեն բացահայտ հիշատակում է Իրանին՝ հայտարարելով, որ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ «Իրանի ադրբեջանցիների» պաշտպանության համար իրենք կանեն հնարավոր ամեն բան:

«40 միլիոն», «50 միլիոն» ադրբեջանցիների համատեքստում հարկ է նշել, որ ադրբեջանական քարոզչամեքենան առաջ է տանում այն թեզը, թե իբր Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոսների թիվը հասնում է 25-ից մինչև 40 միլիոնի։ Մինչդեռ, ըստ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական վերջին  վիճակագրության (2016 թ․), թյուրքախոս նահանգներում բնակչության թվաքանակը ունեցել է հետևյալ պատկերը․

  • Արևելյան Ատրպատական - 3․909․652 բնակիչ
  • Արևմտյան Ատրպատական - 3․265․219 բնակիչ
  • Արդաբիլ - 1․270․420 բնակիչ
  • Ղազվին - 1․273․761 բնակիչ
  • Զանջան - 1․057․461 բնակիչ

Ստացվում է` այս հինգ նահանգների բնակչությունը միասին կազմում են 10 միլիոն 780 հազար մարդ:

Թեև այս նահանգներում բնակչության մեծամասնությունը թյուրքախոսներ են, սակայն այստեղ բնակվում են նաև քրդեր, հայեր և այլ էթնիկ հանրույթներ (եթե հանում ենք վերոնշյալ էթնիկ հանրույթների ներկայացուցիչներին, ապա Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոս բնակիչների թիվը 10 միլիոնից քիչ է ստացվում):

Այսպիսով` Ադրբեջանը, առաջ մղելով «Հարավային Ադրբեջան» թեզը, չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։