2024

Ֆրիդոմ Հաուս․ Ադրբեջանն անմարդկային հարձակում և էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit («Ազգերն անցումային շրջանում») զեկույցը, որը գնահատում է ժողովրդավարության միտումները Կենտրոնական Եվրոպայից Կենտրոնական Ասիա ընկած տարածաշրջաններում։ Դրանում անդրադարձ կա 2023 թ․ Արցախում տեղի ունեցած զարգացումներին։ Ֆրիդոմ Հաուսն Ադրբեջանի 2023 թ․ սեպտեմբերի հարձակումը որակել է էթնիկ զտում, «անմարդկային նվաճում, որը հերթական անգամ ցույց տվեց ինքնակալության (ավտոկրատիա) տարածման մահացու հետևանքները»։

Իրավապաշտպան կառույցը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր ծրագրել վերացնել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը։ Բաքուն հարձակումն իրականացրեց սեպտեմբերին` ամիսներ շարունակ տևած շրջափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկել էր կենսաապահովման պայմաններից։ Ըստ Ֆրիդոմ Հաուսի` Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբը քայլեր չձեռնարկեց`հայերի էթնիկ զտումը կանխելու համար։ Արցախի 120 հազար հայ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը։ Ֆրիդոմ Հաուսը նշում է, որ Արցախում տեղի է ունեցել հայ բնակչության էթնիկ զտում`միաժամանակ արձանագրելով, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` շարունակելով օկուպացված պահել Հայաստանի մի շարք տարածքներ։

Ֆրիդոմ Հաուսի մեկ այլ՝ «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում` Լեռնային Ղարաբաղին վերաբերող բաժնում, նշվում է, որ 2020 թ․ հակամարտության ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը, որտեղ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին քաղաքացիական օբյեկտները և վայրագություններ գործել հայ զինվորականների նկատմամբ։ 2022 թվականին ռազմական հարձակումները և հոգեբանական ճնշումները հանգեցրին տեղահանության նոր ալիքի, իսկ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ։ Ադրբեջանի զորքերը հոգեբանական ճնշում  էին գործադրում նաև շփման գծին մոտ ապրող հայ բնակչության նկատմամնբ՝ օգտագործելով բարձրախոսներ, հնչեցնելով սպառնալիքներ և իսլամական երաժշտություն։ 2022 թվականի խստաշունչ ձմեռվա ընթացքում ԼՂ գազամակատակարարումն ընդհատվեց` գլխավոր գազատարի վրա ադրբեջանցի զինվորականների հարձակման հետևանքով։

2022 թ․ դեկտեմբերին ադրբեջանցի ակտիվիստներն արգելափակեցին Լաչինի տարանցիկ միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023 թ․ օգոստոսին ՄԱԿ-ի փորձագետները եզրակացրին, որ տևական շրջափակման հետևանքով բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց, հիվանդների կյանքը վտանգված էր, իսկ իրադրությունը որակեցին մարդասիրական սարսափելի ճգնաժամ։ Զեկույցում նշվում է, որ բնակիչների հասանելիությունը կենսական ապրանքներին՝ սնունդ, վառելիք, դեղեր, սահմանափակ էր։ Ի լրումն դրա՝ ադրբեջանցի զինվորականները 2023 թ․ ապրիլին անցագրային կետ տեղադրեցին՝ չնայած այն բանին, որ ռուս խաղաղապահներն էին պատասխանատու միջանցքի անվտանգության համար։

Ադրբեջանական ռեժիմի երկօրյա ռազմական գործողությունից հետո հայ բնակչությանը թույլատրվեց հեռանալ Լաչինի միջանցքով։ Ֆրիդոմ Հաուսը նշել է, որ Արցախի հայերը կանգնած էին ադրբեջանական հպատակություն ընդունելու կամ հեռանալու ընտրության առջև։ Չնայած Ադրբեջանի իշխանությունները խոստանում էին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքները` այդ խոստումները կասկածելի են՝ հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների նկատմամբ ոտնձգությունները, նախկինում արված չարաշահումները և շրջափակումը։