2024

Հայաստանը և հայերը Անտոնիո Դե Գուվեայի հիշատակություններում

Հայոց պատմության ուսումնասիրության և համակողմանի լուսաբանման համար առանցքային են ոչ միայն հայկական աղբյուրների, այլև օտարազգի հեղինակների աշխատություններն ու վկայությունները: Այդ վկայությունները կարևոր են պատմության կեղծարարության դեմ պայքարի համար:

13-18-րդ դարերի եվրոպացի հեղինակները հայերի և Հայաստանի մասին թողել են ուղեգրություններ, դիվանագիտական զեկուցագրեր և այլ բնույթի երկասիրություննր, որոնք հայոց պատմության ուսումնասիրության համար բացառիկ արժեք են ներկայացնում: Դրանք վերաբերում են հայ հասարակական-քաղաքական և տնտեսական պատմությանը, եվրոպական երկրների հետ հայերի ունեցած քաղաքական առնչություններին, դավանաբանական վեճերին, մշակութային  հարցերին, աշխարհագրական միջավայրին և այլ խնդիրների[1]:

16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին Իսպանիայի և Պորտուգալիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը Իրանի տիրակալ շահ Աբբասի մոտ հատուկ հանձնարարությամբ ուղարկեց Հայր Անտոնիո դե Գուվեային: Վերջինիս աշխատությունը` «Զեկույց այն մեծ պատերազմների և հաղթանակների մասին, որ Պարսկաստանի թագավոր շահ Աբբասն ունեցավ Թուրքիայի կայսեր՝ Մուհամեդի և նրա որդի Ահմեդի նկատմամբ»[2], կարևոր նշանակություն ունի այդ շրջանի հայոց պատմության ուսումնասիրության համար: Աշխատությունն ընդգրկում է 1603-1608 թվականները: Աշխատության մեջ Հայաստանին և հայերին վերաբերող դրվագները կարևոր արձանագրություններ են տարածաշրջանում հայերի թվաքանակի և հայ ժողովրդի կրած զրկանքների մասին:

Օրինակ, դեպի Երևան շահ Աբբասի արշավանքը ներկայացնելիս Անտոնիո դե Գուվեան, նշելով  մի շարք տեղանուններ, արձանագրում է, որ այդ բնակավայրերում բնակչության ճնշող մեծամասնությունը կազմել են հայերը. «Նախիջևանը հեշտությամբ ենթարկվեց թագավորին,- կարդում ենք Անտոնիո դե Գուվեայի մոտ,- որը ողջ բնակչության կողմից դիմավորվեց ցնծությամբ: Այնտեղից թագավորը իր ողջ բանակի հետ շարժվեց դեպի Օրդուբադ քաղաքը, որը նրան հանձնվեց առանց որևէ դիմադրության: Այս քաղաքը ուներ յոթից ութ հազար բնակիչ, մեծ մասամբ հայեր, որոնք ենթարկվում են Երևանի փաշային: Տեղի կայազորի այստեղ գտնվող թուրքերը պարփակվեցին ամրոցի մեջ: Թագավորը չուզեց կանգ առնել այստեղ և պաշարել այն՝ ճիշտ կռահելով, որ այս բոլոր փոքր վայրերի նվաճումը կախված կլինի մայրաքաղաք Երևանի գրավումով: Օրդուբադից հետո թագավորն ուղիղ շարժվեց հայերով բնակեցված Ագուլիս քաղաքը, որը հանձնվեց նույնպիսի դյուրությամբ, ինչպես և նախորդը: Ագուլիսից հետո շարժվեց դեպի Ջուլֆա, որը բնակեցված էր երկրամասի ամենահարուստ հայ վաճառականներով և այդ պատճառով հանդիսանում էր տարանցիկ առևտրի հանգուցակետ: Ջուլֆայում թագավորը մնաց երեք օր, որից հետո նա այստեղից շարժվեց դեպի Ջուլֆայից հինգ մղոն հեռավորության վրա գտնվող Նախիջևան քաղաքը, որը համարյա նույնպես ամբողջությամբ բնակեցված էր հայերով»[3]:

Ավելի ընդարձակ ու ստույգ են Երևանի գրավման առթիվ Անտոնիո դե Գուվեայի հաղորդած վկայությունները. «Շահը հրամայեց վերցնել Երևանը, որն ամբողջովին բնակեցված էր հայերով, քաղաքի հողը մշակելի ու բերրի էր և հարուստ ամեն տեսակի մթերքներով: Երևան քաղաքը հանդիսանում է ամբողջ Մեծ Հայքի կարևորագույն քաղաքը ու մայրաքաղաքը, ուր թուրքերը մեծ նշանակություն ունեցող մի ամրոց էին կառուցել տվել, ինչպես նրանք այդ բանն անում են նվաճված մյուս բոլոր նահանգներում, նրանց կարծիքով, որպես երկրամասի պաշտպանության լավագույն միջոց»[4]:

Դե Գուվեան եվրոպացի ընթերցողին է ներկայացրել հայ ժողովրդի դառը վիճակը թուրք-պարսկական պատերազմների շրջանում. «Եթե մենք (աշխարհում) փնտրենք հարստահարված ու ոտնակոխ արված մի ժողովուրդ, ապա ահավասիկ քեզ այս ժողովուրդը, երբ նրանք թուրքերի հպատակներն էին, հարկերի հետ միասին տալիս էին իրենց ամենաընտիր զավակներին զինվորականության համար, վտանգ, որից ապահովագրված չեն նաև Պարսկաստանի թագավորի գերիշխանության տակ, եթե Աստուած մի ճար չանի: Այս խեղճ ժողովուրդն այնպես է շրջապատված անագորույն ազգերով, ինչպիսիք մի կողմից՝ թուրքերը, մյուս կողմից՝պարսիկները, այլ կողմերից նրանց հարևաններ են թաթարներն ու արաբները, որոնց ասպատակություններին և ավազակություններին ենթակա են ամեն օր»[5]:

Դե Գուվեայի գրքում կարդում ենք. «Թուրք-իրանական այս պատերազմում պատերազմի հիմնական թատերաբեմը Մեծ Հայքն է»: Ուստի, Սեֆյանները հայոց հինավուրց երկրի վրա հարձակվելիս և նահանջելիս «ավերեցին և ամայի դարձրին ողջ երկրիրը, այնպես որ քսանից ավելի հարուստ ու մարդաշատ քաղաքներ անգութ ու տմարդի եղանակով ավարի ենթարկվեցին, առանց հաշվի առնելու ավարները և գյուղերը, որոնք բազմաթիվ են և այնքան բազմամարդ, որ միայն Երևանի գավառում հազար հինգ հարյուրից ավել են, որոնցից մի քանիսը չորս հարյուրից մինչև հինգ հարյուր բնակիչ ունեն: Գլխավոր քաղաքներն են Երևանը, Նախիջևանը, Շարուրը և Գիլսը (Ագուլիսը)»:

Ըստ Դե Գուվեայի` Արարատյան դաշտավայրից բռնագաղթածների թիվը հաշվում է 60 հազար ընտանիքից ավելի: «Մեծ սուրգունից» զերծ են մնացել միայն այն գյուղերը, որոնք հեռու են գտնվել թուրքական բանակի արշավանքի երթուղուց:

Բռնագաղթվածների կրած տառապանքների, սովի ու դրա հետևանքով մարդակերության, կամայականությունների, պարսիկ  հրամանատարների կատարած վայրագությունների, ջրահեղձման դաժան պատկերների մասին են  պատմում ոչ միայն  Դե Գուվեան և եվրոպացի մյուս հեղինակները, այլև հայկական ձեռագրերի հիշատակարանները, հայ հեղինակներ Առաքել Դավրիժեցին, Գրիգոր Դարանաղցին, հայ կաթոլիկ քահանա Ավգուստինիոս Բաջեցին և այլք:

 

[1] Զուլալյան Մ., Եվրոպացի հեղինակները հայերի և Հայաստանի մասին XIII-XVI դդ., աղբյուրագիտական ակնարկ, էջ 57:

[2] Զուլալյան Մ., 13-18-րդ դարերի Եվրոպայի հեղինակների հայերի ու Հայաստանի մասին աշխատությունների նշանակությունը հայոց պատմության ուսումնասիրման համար, էջ 3:

[3] Զուլալեան Մ., Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը, «Հայաստանի քաղաքական վիճակը XVI-XVII դարերում», մաս Բ:

[4] Նույն տեղում:

[5] Նույն տեղում: