2024

Արևելյան Հայաստանի վարչաժողովրդագրական և սոցիալ-տնտեսական իրավիճակը պարսկական տիրապետության շրջանում

Պարսկական տիրապետության շրջանում՝ 1555-1828 թթ., իսկ հյուսիայի որոշ շրջաններ ժամանակ առ ժամանակ մաս են կազմել վրացական թագավորություններին։ Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի մյուս բոլոր խանությունները ենթակա էին շահնշահի գերագույն իշխանությանը:

 Ռազմական բռնապետությունը Իրանի կառավարման վարչաձևն էր: Պետության մեջ շահի, իսկ խանություններում խաների իրավունքներն անսահմանափակ էին: Նրանք էին տնօրինում իրենց հպատակների կյանքն ու գույքը: Հպատակների սոցիալ-քաղաքական վիճակը որոշվում էր Ղուրանի դրույթներով. զիմմի (անհավատ) քրիստոնյաները պարտավոր էին են­թարկվել ու ծառայել մահմեդականներին: Շարիաթը քրիստոնյաներին զրկում էր դատարանում մահմեդականների դեմ վկայություն տալու իրա­վունքից:

Քրիստոնյաների համար հանգիստ ապրելու միակ միջոցը հավատափոխությունն էր: Պետական քաղաքականության մեջ կրոնական մոլեռանդությունը ակնհայտ էր դառնում դեռևս 18-րդ դ. շրջանառության մեջ մտած Իմամ Ջաֆարի օրենքից, որի համաձայն՝ եթե քրիստոնյա ընտանիքի որևէ անդամ ընդունում էր մահմեդականություն, ապա նա օրենքի ուժով դառնում էր տվյալ ընտանիքի շարժական և անշարժ կարողության միակ ժառանգորդը: Քրիստոնեությանը հավատարիմ մնացած գերդաստանի մյուս անդամները զրկվում էին ժառանգության իրավունքից:

Պատահական չէ, որ հաճախ քրիստոնյա ծնողներն իրենց ունեցվածքը կտակում էին իրենց հավատարիմ մահմեդականներին` հետմահու իրենց ժառանգներին վերադարձնելու ակնկալությամբ։ Այդ եղանակով սնանկանում էին բազում հայ ընտանիքներ: Նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա միաբանությունը շահագործվում էին պարսկական արքունիքի և Երևանի խաների  կողմից:

Պետականության անկման և խոշոր կալվածատիրական հողատիրության վերացումից հետո հայոց եկեղեցին  դեռևս թաթար-մոնղոլների կողմից ճանաչվել էր իբրև ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ, իսկ հոգևորականությունը` որպես արտոնյալ խավ:

Ելնելով այն հանգամանքից, որ հայ հոգևոր դասի` մասնավորապես Ամենայն հայոց կաթողիկոսի դերը էական նշանակություն ուներ իր հպատակների քաղաքական կողմնորոշման խնդրում, պարսից շահերը  XVIII դարից սկսած հատուկ ֆերմաններով (հրովարտակ) նվերներ և արտոնություններ էին տալիս կաթողիկոսին և հայ հոգևորականությանը:

Թեև հայոց եկեղեցուն ֆերմաններով տրվում էին արտոնություններ, սակայն դրանք պարբերաբար ոտնահարվում էին պարսկական իշխանությունների կողմից, իսկ մահմեդական մոլեռանդներն անարգում էին  հայոց կրոնն ու եկեղեցին:

Պարսկական տիրապետության տակ հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային,  կրոնական և սոցիալական հալածանքների:

 Հատկանշական է, որ 19-րդ դարի սկզբին Երևանի ու Նախիջևանի խանությունների 1111 բնակավայրերից 359-ը ամայի և անմարդաբնակ էին:

Պարսկական տիրապետության վերջին շրջանում ևս շարունակվում էր հայ բնակչության արտագաղթը, որի հետևանքով Երևանի և Նախիջևանի խանություններում հայերի թվաքանակը զգալիորեն նվազում էր: Խանության սահմանները ռուսական և թուրքական հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով Երևանի Հուսեյն Ղուլի խանը (սարդարը) մերձսահմանային շրջանները բնակեցնում էր քոչվոր և ռազմատենչ թյուրք-թաթարական ցեղերով: Հայկական այդ տարածքի մահմեդականացումը կատարվում էր ծրագրված ու հետևողականորեն: Երևանի սարդարը Թալինի մահալում (գավառ) բնակեցրել էր այրումլի և թաղանլի, Արագածոտնում և Ապարանի հարավում՝ սեյիդլի և ախսախլի կոչվող  քոչվոր ցեղերին:

Երկրամասի էթնիկական վիճակը այլափոխելու նպատակով Երևանի  և Նախիջևանի խանությունների` ավերված ու ամայի բնակավայրերը բնակեցվում էին մահմեդականներով: Նման ծանր պայմանները հարկադրում էին բազմաթիվ հայերի զանգվածաբար արտագաղթել Արևելյան Վրաստան և Ռուսաստանի տիրապետության տակ անցած այլ տարածքներ: 1804 թվականի ռուսական բանակի գեներալ Պավել Ցիցիանովի երևանյան արշավանքի ժամանակ ավելի քան 2000 հայեր լքեցին հայրենիքը և բնակություն հաստատեցին Թիֆլիսում` հետագայում հիմք դնելով հայկական  «Հավլաբար» թաղամասին: