2024

Ժողովրդագրական գործընթացները ԼՂԻՄ-ում

1918-1920 թթ․ և դրանից առաջ ընկած ժամանակահատվածում աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում տեղի ունեցան մի շարք գործընթացներ, որոնք հետագայում իրենց անմիջական ազդեցությունն ունեցան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերի վրա։ Հարկ է նշել, որ Արցախում հայ բնակչությունը միշտ էլ մեծամասնություն էր կազմում։ Սակայն 1918-1920 թթ․ մուսավաթական բանակի ներխուժումների հետևանքով հայ բնակչության թվաքանակը նվազեց։ Միայն 1920 թ․ մարտին  Շուշիում տեղի ունեցած հայ բնակչության կոտորածներին զոհ գնաց շուրջ 8 հազար մարդ[1]։ Ավերվեցին, թալանվեցին, հրկիզվեցին ավելի քան 3 տասնյակ հայկական գյուղեր։  Ընդհանուր առմամբ, Արցախում սպանված հայերի թիվը հասավ 10 հազարի[2]։ Զանգվածային կոտորածների կազմակերպման հիմնական նպատակներից մեկն էր նաև բնիկ հայ ժողովրդին վտարել իր պատմական բնօրրանից։  Եթե  1913 թ․ Լեռնային Ղարաբաղում ապրում էր շուրջ 176 հազար մարդ, ապա 1926 թ․ բնակչության թիվը զգալիորեն նվազեց՝ կազմելով 125,3 հազար մարդ: Այնուամենայնիվ, հայերը կազմում էին ընդհանուր բնակչության 89,6 %-ը, իսկ մուսուլմանները՝ ընդամենը 10 %-ը[3]:

Թեև Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Արցախի հայության թվաքանակը  կայունացավ և նույնիսկ ավելացավ, սակայն  այս պատկերը կարճ տևեց։ Հարկ է նշել, որ այս շրջանում ադրբեջանցի որոշ աշխարհագրագետներ,  առանց որևէ ստույգ վիճակագրական աղբյուրների  հղում տալու,  «Բակինսկի ռաբոչի» թերթի էջերում գրում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու պահին  բնակչության  թվակազմի 90 տոկոսը ադրբեջանցիներ էին[4]։ Սա, բնականաբար, արվում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելը հիմնավորելու նպատակով։ 1921 թ․ Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ մտնելուց հետո  սկիզբ առավ նաև տեղի հայ բնակչության արտագաղթ։  

Իրավիճակն այլ էր 1940-ական թվականներին։ 1939 թ․ մարդահամարի տվյալներով` հայերը կազմում էին շուրջ 132,8 հազար, իսկ ադրբեջանցիները՝ ընդամենը 14,1 հազար[5]։ Սակայն Հայրենական մեծ պատերազմում Լեռնային Ղարաբաղի հայ  բնակչության մասնակցությունն ու մեծաքանակ կորուստները բացասական հետևանքներ ունեցան մարզի հետագա էթնիկ պատկերի վրա։ 1949 թ․ հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական իշխանությունները ԼՂԻՄ-ից ու Ադրբեջանից կազմակերպեցին հայ բնակչության զանգվածային աքսոր։ Ըստ որոշ աղբյուրների` միայն ԼՂԻՄ-ից աքսորվեց ավելի քան 3000 հայ[6]։ Պատերազմում հայերի կրած կորուստները և Ադրբեջանի կողմից ստեղծված անելանելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ արտագաղթը, հանգեցրին հայ բնակչության թվի նվազմանը և ադրբեջանական բնակչության աճին։ Ադրբեջանցիների վերաբնակեցման և սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների հետևանքով սկսված արտագաղթի արդյունքում նվազեցին  հայ բնակչության աճի տեմպերը։ Այս մասին է փաստում ներքոհիշյալ աղյուսակը։

ԼՂԻՄ-ի բնակչության ծնունդը, մահը, բնական աճը[7]

1951-1987թթ (բնակչության 1000 շնչի հաշվով)

Տարեթվերը

Ծնվածների

Թիվը

Մահացածների թիվը

Բնական

աճը

1951

31․4

9․4

22․0

1960

38․0

7․2

30․1

1961

40․5

7․2

33․3

1965

34․6

6․6

28․0

1970

27․6

6․9

20․7

1975

23․5

8․0

15․5

1980

25․1

7․9

17․2

1985

24․1

7․7

16․4

1987

25․2

7․4

17․8

Հարկ է նշել, որ 1970-1979 թթ․ ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի բնակչության  36,3 %  աճի  պայմաններում հայ բնակչությունը ավելացավ 1,7%-ով, կամ ընդամենը 2 հազարով։ Այս շրջանում ծնված ամեն 10 հայ բնակչից միայն մեկն էր ապրում այստեղ, իսկ մնացած 9-ը արտագաղթում էին։ Թեև նշվում է, որ 2 հազարով ավելացել էր հայերի թիվը, սակայն, ընդհանուր առմամբ, 1939-1979 թթ․ այն նվազել էր շուրջ 10 հազարով[8]։ Երբ 1988 թ․ Սումգայիթում և հայաշատ այլ վայրերում հայերի զանգվածային կոտորածների  ու տեղահանության արդյունքում փախստական հայերի մի  մասը ապաստան գտան ԼՂԻՄ-ում, հայ բնակչության թիվը մի փոքր ավելացավ։ Սա է վկայում ներքոհիշյալ աղյուսակը։

ԼՂԻՄ-ի բնակչության թիվը և ազգային կազմը` ըստ մարդահամարների 

(հազ մարդ)[9]

 

1926թ․

1939թ․

1959թ․

1970թ․

1979թ․

1989թ․

Ամբողջ բնակչությունը այդ թվում`

125․3

150․8

130․4

150․3

162․2

189․1

հայեր տոկոսներով

111․7

89․1

132․8

88․1

110․1

84․4

121․1

80․6

123․1

75․9

145․5

76․9

ադրբեջանցիներ տոկոսներով

12․6

10․1

14․1

9․3

18․0

13․8

27․2

18․1

37․3

22․9

40․6

21․5

ռուսներ տոկոսներով

0․6

0․5

3․2

2․1

1․8

1․4

1․3

0․9

1․9

0․8

1․9

1․0

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ Ադրբեջանական Հանրապետության կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական քաղաքականության նպատակը մարզի հայաթափումն ու դրա ադրբեջանականացումն էր։ Այս իրավիճակը շարունակվեց մինչև 1988թ., երբ սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը:

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

[1] Հարությունյան Հ․, Շուշիի հայության կոտորածները (1919թ․ հունիս- 1920թ․ մարտ), էջ 61։

[2] Նույն  տեղում, էջ 62։

[3] Խոջաբեկյան Վ․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 61-63։

[4] Խոջաբեկյան Վ․, նշվ․ աշխ․, էջ 62։

[5] Զոլյան Մ․, Զոլյան Մ․, Ազգային քաղաքականությունը խորհրդային Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, «21-րդ ԴԱՐ», թիվ 4(18) 2007, էջ 15։

[6] Հովհաննիսյան Գ․, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերըպայմանավորող գործոնները 1940-1950-ական թթ․, Գիտական Արցախ, N°3 (14), 2022, էջ 40։

[7] Խոջաբեկյան Վ․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 65։

[8] Խոջաբեկյան Վ․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 66։

[9] Խոջաբեկյան Վ․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 66։