2024

Հակաիրանական քարոզչությունն Ադրբեջանում

«Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թուրքի թշնամին» (ադրբջ.՝«Rus, fars, erməni - bunlar türkün düşməni»). սա Ադրբեջանում տարածված ասացվածք է, որը շատ հստակ արտացոլում է ադրբեջանական հասարակության վերաբերմունքը նշված երեք ազգերի նկատմամբ: Հակահայկական քարոզչությունից, հայերի հանդեպ ատելության սերմանումից զատ` Ադրբեջանում ակտիվորեն  աշխատում են նաև հակաիրանականության ու հակառուսականության ուղղությամբ: Եվ եթե հակառուսականությունը, համեմատած մյուս երկուսի, որոշակիորեն կարող է զիջել, ապա հակահայկականությունն ու հակաիրանականությունը ադրբեջանցիների ազգակերտման հիմքում են, հետևաբար այս ուղեգիծը միշտ եղել է ու շարունակվում է Ադրբեջանում:

Առանձին խոսելով հակաիրանականության դրսևորումների մասին՝ պետք է նկատել, որ այն ընդգրկում է մի քանի շերտ. 

  1. Իրանական պատմամշակութային ժառանգության յուրացում:
  2. Իրանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումներ:
  3. Հայաստան-Իրան հարաբերությունների թիրախավորում:
  4. Մեղադրանք Իրանին` Ադրբեջանում «այսպես կոչված 5-րդ շարասյուն» ղեկավարելու մեջ:
  5. Իրանի հեղինակության վարկաբեկում:

1-ին կետը վերաբերում է Ադրբեջանի` որպես պետության կայացման գործընթացում Իրանից կատարած յուրացումներին, մասնավորապես՝ իրանական պատմական, մշակութային գործիչների, նյութական ու հոգևոր մշակութային արժեքների ադրբեջանականացմանը և այդ կերպ իրենց համար պատմական անցյալի հորինմանը: Այդ յուրացումներից առաջինը հենց «Ադրբեջան» անվանումն է, որը, մինչև այդ անվամբ պետության ստեղծումը,  վերաբերել է Արաքսից հարավ ընկած տարածքներին: Բայց Բաքուն վերցրել է այդ անվանումը՝ հեռահար նպատակներ ունենալով Իրանի հյուսիսարևմտյան շրջանների նկատմամբ:

Նման նկատառումն արդեն հանգեցնում է երկրորդ կետին: Ադրբեջանում հորինել են այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզը և դրա անվան տակ հավակնություններ են ներկայացնում Իրանի հյուսիսարևմտյան 5 նահանգների (երբեմն ավելի շատ) նկատմամբ: Այս թեզը Բաքվում դրվել է ամուր հիմքերի վրա. Ադրբեջանում «խնդրի» առնչությամբ ակադեմիական «ուսումնասիրություններ» են իրականացնում, հյուրընկալում անջատողական գործիչների, աջակցում Իրանում անջատողականություն հրահրող քարոզչական ռեսուրսների: Իրանի հետ լարված հարաբերությունների համատեքստում ավելի է ակտիվանում «Հարավի անկախության» մասին գաղափարը: Հատկանշանական է նաև, որ Ադրբեջանի կողմից առաջ է քաշվում այն թեզը, թե իբր Իրանում թյուրքախոսները ճնշումների են ենթարկվում, զրկված են մի շարք իրավունքներից, այդ թվում՝ մայրենի լեզվով կրթություն ստանալուց: Նրանք չեն մոռանում հայերին՝ բողոքելով, որ Իրանում նրանց լայն իրավունքներ են վերապահում, իսկ թյուրքախոսներին՝ ոչ: Բաքվում, թերևս, մոռանում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ծագումով թյուրքախոս է: Ավելին` 2022թ․ աշնանը, Իրանում խոշորամասշտաբ ցույցերի ֆոնին, ադրբեջանական մամուլը սկսեց հստակ թիրախավորել Իրանի պետական համակարգն ու ինստիտուտները:

Թարգմանաբար՝ «Իրանում ակցիաների արդյունքում Հարավային Ադրբեջանը կարող է անկախանալ»:

Անդրադառնալով 3-րդ կետին՝ պետք է նշել, որ Ադրբեջանում միշտ թիրախավորել են հայ-իրանական հարաբերությունները՝ Իրանին մեղադրելով «դավաճանության» մեջ: Եվ սա այն դեպքում, որ Արցախյան առաջին  պատերազմում Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Բաքվին, իսկ հետագայում էլ հանդես եկել այսպես կոչված «օկուպացված տարածքների» վերադարձը շեշտադրող հայտարարություններով։ Ադրբեջանին դա չի բավարարել, քանի որ Բաքուն ցանկանում է, որ Իրանը միանա Հայաստանի շրջափակմանը և տնտեսական ճնշումներ գործադրի, ինչը Թեհրանը չի իրականացնում։ Ադրբեջանն այս քաղաքականությունն ավելի է ակտիվացրել հատկապես 2020թ․ Արցախի պատերազմից և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրի ի հայտ գալուց հետո: Իրանը պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և մերժում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը: Նման պարագայում Բաքուն Իրանին  ներկայացնում է որպես տարածաշրջանն ապակայունացնող երկիր՝ զուգահեռաբար դաշտ նետելով կեղծ թեզեր, ինչպես օրինակ՝ «Իրանն ահաբեկիչներ է տեղակայում Հայաստանում»: Իրանին ու Հայաստանին վարկաբեկող մեկ այլ կեղծ փաստարկ է  այն, թե իբր «Իրանն ու Հայաստանը համագործակցում են` դեպի Եվրոպա թմրանյութերի մատակարարման գործում»:

 

Թարգմանաբար՝ «Իրան-Հայաստան դաշինքը. մի մոլլայի վալս..»

Իրանի դեմ Ադրբեջանի քաղաքականության մյուս ուղղությունն Ադրբեջանում  Իրանի հանդեպ դրական վերաբերմունք ունեցող հավատացյալների նկատմամբ ճնշումներն են: Այդ մարդկանց Ադրբեջանում անվանում են «5-րդ շարասյուն» և Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով նրանց դեմ «որս» են  սկսում: Ադրբեջանում անհիմն մեղադրանքերով ձերբակալում են անգամ նրանց, ովքեր պարզապես կրոնական կրթություն են ստացել Իրանում կամ սոցցանցերում Իրանի վերաբերյալ դրական կարծիք են արտահայտում: Օրինակ` 2020թ․ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս»  ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահը սգացողների ճակատագիրը: «Ադրբեջանի իսլամական կուսակցության» ղեկավարի պաշտոնակատար հաջի Իլհամ Ալիևին Ադրբեջանում բանտարկեցին միայն այն բանի համար, որ նա դատապարտել էր Սոլեյմանիի սպանությունն ու նրան նահատակ անվանել: Ձերբակալությունները հասնում են մինչև  կրոնական ուղղվածության լրատվական կայքեր։ Ադրբեջանում նման մեղադրանքներով ձերբակալված հավատացյալների թիվը հասնում է հարյուրների:

Այս քաղաքականության արդյունքում ադրբեջանական հասարակության շրջանում բացառում են Իրանի հանդեպ որևէ համակրանք: Ընդհակառակը` ադրբեջանական մամուլում հաճախ են ծաղրում Իրանի զինված ուժերին կամ տնտեսական բնագավառում Թեհրանի որևէ ձեռքբերում: Այս ամենը դրսևորվում է նաև ադրբեջանական հեռուստատեսության շրջանում:

Ադրբեջանում ամենահայտնի «Այս քաղաքում» կոչվող հումորային  հարթակում «Իրանի արտգործնախարարի» մասնակցությամբ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի բեմադրությունը ամբողջովին ծաղր ու անարգանք էր Իրանի հասցեին: Այն ուղեկցվում էր «Թավրիզն Ադրբեջանի հնագույն քաղաքներից է», «Նիզամի Գյանջավին ադրբեջանցի է», «Իրանում 30 մլն ադրբեջանցի կա», «Իրանը Հայաստանի եղբայրն է» թեզերով։ Նույն հարթակը հանդես է եկել Իրանի հանդեպ ծաղրական այլ հաղորդումներով ևս:

 

Թարգմանաբար՝ «Այս քաղաքներից ո՞րն է հնագույն ադրբեջանական քաղաք: Ա.Մոսկվա, Բ.Կիև, Գ.Նյու-Յորք, Դ. Թավրիզ»:

Այս քաղաքականության արդյունքում ադրբեջանական հասարակությունը, հայերից բացի, իրանցիներին ևս  թշնամի է համարում: Սա են փաստում այդ երկրում անցկացված տարբեր սոցհարցումները: 2023թ. փետրվարին երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքում հարցվածների 96%-ը բացասական է արտահայտվել Իրանի հասցեին, 95%-ը` հայերի հասցեին: Այսպիսին է վերաբերմունքը Ադրբեջանում հայերի և իրանցիների նկատմամբ: