2024

Բաքու քաղաքի բնակչությունը XIX դարում

Բաքու քաղաքի XIX դարի առաջին տասնամյակի վերջերի բնակչության թվի վերաբերյալ կարևոր տեղեկություններ է պարունակում Աստրախանի մաքսատան տնօրեն Իվանովի՝ 1809թ. հունիսի 25-ի զեկուցագիրը: Այն ուղղված էր Վրաստանի և Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Ա. Տորմասովին: Ըստ զեկուցագրի՝ Բաքու քաղաքում և արվարձանում բնակվում էր 992 ընտանիք՝ 5007 բնակչով: Ըստ այդմ՝ բուն քաղաքում պարսիկները կազմում էին 861 ընտանիք՝ 4341 բնակչով, հայերը՝ 34 ընտանիք՝163 բնակչով, հրեաները՝ 10 ընտանիք՝ 66 բնակչով: Քաղաքի արվարձանում ապրում էր  պարսկական  87 ընտանիք՝ 437 բնակչով: Բաքվի մերձակա 37 գյուղերում ապրում էր  2193 ընտանիք՝ 10000 արական սեռի բնակչով: Այս զեկուցագրում հետաքրքիրն այն էր, որ Բաքվում բնակվում էին պարսիկ և հայ պատվավոր վաճառականներ[1]:

Հարկ է նշել, որ Իվանովի նշած ժողովրդագրական տվյալները միտումնավոր կերպով կեղծվել և ազգայնական դիրքերից են մեկնաբանվել ադրբեջանցի պատմաբան Ֆ. Թաղիևի՝ Բաքու քաղաքի պատմությանը նվիրված աշխատությունում: Թաղիևը, ձգտելով «գիտականորեն հիմնավորել» «ադրբեջանցի» ժողովրդի իրավունքն Արևելյան Այսրկովկասի՝ մասնավորապես Բաքու քաղաքի նկատմամբ XIX դարի սկզբերին,  կեղծելով փաստերը, փորձել է աղբյուրներում պարսիկ անունով հիշատակվող բնակչությանը նույնացնել թյուրքական լեզվաընտանիքի օղուզական ճյուղին  պատկանող «ադրբեջանցիների» հետ[2]: «Հետազոտվող ժամանակաշրջանում,- գրում է Թաղիևը,- էթնիկական պատկանելության հիմքում ընկած էր կրոնական հատկանիշը, երբ Բաքվի տեղաբնիկ բնակիչները՝ ադրբեջանցիները, ներկայացվում էին որպես մահմեդականներ՝ կապված իրենց դավանանքի հետ: Հաճախ նրանց վրա տարածում էին էթնիկական աղավաղված հատկանիշը, ինչպես օրինակ՝ սկզբնապես ադրբեջանցիներին կոչում էին «պարսիկներ», իսկ փոքր ինչ ավելի ուշ՝«թաթարներ»»:

Թաղիևի հակապատմական և հակագիտական «փաստարկները» հերքվում են XIX դարի հեղինակ Ա. Բաքիխանովի տեղեկություններով, որոնք փաստում են իրանական ժողովուրդներից թաթերի՝ Բաքվի գավառում ստվարաթիվ լինելու իրողությունը: «Բաքվի ամբողջ գավառում,- գրում է նա,- բացի թարաքյամա կամ թյուրքմեների 6 գյուղերից, խոսում են թաթերեն լեզվով, ինչը ցույց է տալիս նրանց պարսկական ծագումը»: Ուստի միանգամայն անընդունելի պետք է համարել Թաղիևի՝ Բաքվում և գավառում «ադրբեջանցիների տեղաբնիկության» վերաբերյալ «հիմնավորումները» և «ադրբեջանցի» արհեստածին տերմինի օգտագործումը:

Հարկ է  նշել, որ նման կեղծիքի հանդիպում ենք ոչ միայն Թաղիևի աշխատությունում:

Բաքվի պարետ գեներալ-լեյտենանտ Ի. Ռեպինի՝ 1810թ. սեպտեմբերի 10-ին հղած «Բաքվի ամրոցի և մերձակա բնակիչների թվի, նրանց ազգային կազմի, դասային պատկանելության և նրանցից գանձվող հարկերի» մասին տեղեկագրում նշվում է, որ Բաքվում և նրա արվարձանում կար 931 տուն և 2235 արական սեռի բնակիչ: Քաղաքի բնակիչներն էին պարսիկները՝ 897 տուն՝ 2154 արական սեռի բնակչով, հայերը՝ 24 տուն՝ 55 արական սեռի բնակչով և հրեաները՝ 10 տուն` 26 արական սեռի բնակչով[3]:

Ադրբեջանցի պատմաբան Դ. Իսմայիլ-Զադեն, կեղծելով ժողովրդագրական տվյալները, «ադրբեջանցիներին հնեցնելու» միտումով նրանց ավելացրել է շիա դավանանքի հետևորդ պարսիկների թվաքանակի մեջ:

Փաստերի խեղաթյուրման նույն սկզբունքով է ժամանակին առաջնորդվել նաև Ս. Աշուրբեյլին, որը Պ. Բուտկովի աշխատության մեջ 1720-ական թվականներին  հիշատակվող Բաքվի «պարսիկ» բնակիչներին հանիրավի նույնացրել է «ադրբեջանցիների» հետ:

Վիճակագրական այս տեղեկությունների լույսի  ներքո անհեթեթ են դառնում Ս. Աշուրբեյլիի, Դ. Իսմայիլ-Զադեի,  Ֆ. Թաղիևի և նրանց հետևող ադրբեջանցի այլ պատմաբանների՝ Բաքվում XIX դարից մինչև XX դարի 30-ական թվականների վերջերը «ադրբեջանցի» անվամբ ժողովրդի գոյության մասին հիմնազուրկ պնդումները:

XIX դարի 30-ական թվականների սկզբերի՝ Շիրվանի, այդ թվում նաև Բաքվի բնակչության ազգային կազմի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Պլատոն Զուբովը, ըստ որի՝ Շիրվանն ուներ 271.600 բնակիչ: Զգալի մասը հայեր, պարսիկներ և թաթարներ էին, որոնց հաջորդում էին հրեաները, հնդիկները, շահսևանները և թուրքմենական ցեղերը: Նույն աղբյուրի տվյալներով՝ Բաքվի շրջանում բնակվում էր 17.600 մարդ, որից ավելի քան 4.000-ը՝ Բաքվում: Քաղաքի բնակչության մեջ մեծամասնություն էին կազմում հայերը, թաթարները և պարսիկները[4]:

Բաքվում XIX դարի 30-ական թվականների վերջերին բնակվող հայ բնակչության վերաբերյալ մի հետաքրքիր վավերագիր է պահպանվել Հայաստանի ազգային արխիվում: Այն ուշագրավ տեղեկություններ է հաղորդում քաղաքում և արվարձանում 1838թ. մայիսի 16-ին հայ բնակչության շրջանում անկացված ընտանեկան ցուցակագրության մասին՝ բնակիչներից յուրաքանչյուրի անուն-ազգանունով և ընտանիքի անդամների թվով: Հիշյալ աղբյուրը հստակ ցույց է տալիս Բաքվի հայ համայնքի ձևավորման ակունքները: Ըստ այդմ՝ բերդաթաղում և արվարձանում ապրում էին 69 տուն հայեր` 434 բնակչով:

Այս ցուցակագրությունը արտահայտում է ոչ միայն հայ բնակչության թիվն՝ ըստ անուն-ազգանունների, այլև հարուստ նյութեր է պարունակում Բաքվի հայերի՝  սոցիալ-դասային կազմի մասին: Համայնքի սոցիալական կազմը պարզունակ էր. այն հիմանականում բաղկացած էր արտոնյալ, հարկատու և չքավոր դասերից: Արտոնյալ դասի ներկայացուցիչների շարքում նշված են նաև ծխատեր երեք քահանաներ: Միաժամանակ ցուցակագրության մեջ տեղ են գտել այնպիսի ազգանուններ (Ադամյան, Թումայան, Յաղուբյան, Սերեբրյակյանց, Շահգեդանյան և այլն), որոնք հետագա տարիներին դարձան խոշոր առևտրաարդունաբերողներ, հասարակական գործիչներ և այլն[5]:

Այսպիսով՝ XIX դարի 30-ական թվականներից սկզբնաղբյուրներում տարբեր տեղեկություններ են հաղորդվել Բաքվի բնակչության ազգային կազմի վերաբերյալ: Այսպես`Պ. Զուբովը առանձնացնում է հայերին, թաթարներին և պարսիկներին: Ա. Ֆոն Հաքստհաուզենը առանձնացնում է թաթարներին և հայերին: Կ. Սպասսկի-Ավտոնոմովը, հայերից և շիա դավանանքին հետևող պարսիկներից ու թաթարներից բացի, առանձնացնում է նաև ռուսներին, իսկ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը՝ պարսիկներին և հայերին:

Հատկանշական է այն իրողությունը, որ ազգային նման խայտաբղետությամբ հանդերձ` հայերը միանշանակ հիշատակվում են քաղաքի հիմնական բնակչության կազմում[6]:

Շամախիում 1859թ. մայիսի 30-ին տեղի է ունենում աղետալի երկրաշարժ: Կովկասի փոխարքա Ա. Բարյատինսկու առաջարկով կենտրոնական նահանգական վարչությունը տեղափոխվում է Բաքու: 1859թ. դեկտեմբերի 6-ին Ալեքսանդր II ցարի հրամանագրով ստեղծվեց Բաքվի նահանգը և Բաքու քաղաքը ստացավ նահանգային քաղաքի կագավիճակ[7]:

Եթե սկզբում Բաքուն հայերի համար  հարմար վաճառանոց և նավահանգստային քաղաք էր, ապա XIX դարի կեսերից քաղաքում գործում էին նաև հայ  արդյունաբերողներ, գործարանատերեր, հանքատերեր և այլք:

1859թ. վերջերին նահանգային կենտրոնը Բաքու տեղափոխելը մեծ նշանակություն ունեցավ քաղաքի հետագա զարգացման համար: Արագ տեմպերով զարգացում ապրեցին քաղաքաշինությունը և քաղաքային կյանքը: Բաքվում հայ բնակչության ստվարացման հետ մեկտեղ, հայկական ամենահին՝ Սբ. Աստվածածին եկեղեցուց բացի, անհրաժեշտություն առաջացավ քաղաքի տարբեր հատվածներում նոր եկեղեցիների կառուցումը: Երկրորդ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը Շամախիի հայոց թեմի առաջնորդ Դանիել վարդապետ  Շահնազարյանցինն էր[8]:

Համաշխարհային նավթարդյունաբերության հիմնադիրներից մեկը՝ Գ. Կյուլպենկյանը, ով 1890թ. Կ. Պոլսից ուղևորվելով Բաքու, նպատակադրվել էր մոտիկից ծանոթանալ Ապշերոնյան թերակղզում ընթացող սև ոսկու արդյունահանման գործին, իր ճամփորդական նոթերում գրել է, որ 1870թ. Բաքվի բնակչությունը կազմում էր 12000 մարդ: Կարելի է կարծել, որ այս թիվը նվազ է ցույց տրված, քանի որ հոսքը դեպի Բաքու արդեն հասնում էր տասնյակ հազարների՝ պայմանավորված նավթարդյունաբերության զարգացմամբ: Առավել հավաստի են Կովկասի վիճակագրական կոմիտեի տվյալները, որի համաձայն՝ 1870թ. քաղաքն ուներ 15.604 բնակիչ[9]:

Արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացմամբ պայմանավորված`XIX դարի կեսերին և վերջերին Բաքուն արդեն առևտրաարդյունաբերական խոշոր քաղաք էր, ուր ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:

Բաքու քաղաքի՝ 1889թ. էթնոժողովրդագրության  վերաբերյալ ուշագրավ տվյալներ է պարունակում Թիֆլիսում հրատարակված «Բաքուն և նրա շրջակայքը» գրքույկը: Այստեղ ,ոստիկանական բաժանմունքի կողմից անցկացված հաշվառման համաձայն,քաղաքի բնակչության թիվը կազմում էր  92.600, որից, ըստ դավանանքի, շիա մահմեդականները՝ 39.508 (գլխավորապես թաթեր), հայերը՝ 25.897, ռուսները՝ 22.693, ռուս մոլոկաններ և այլ աղանդավորներ (պրիգուն, դուխոբոր, հնածես և այլն)՝ 970, կաթոլիկները՝ 1211, լյութերականները՝ 1919, հրեաները՝ 402 մարդ: Աննշան թիվ էին  կազմում վրացիները: Ընդ որում, գրքույկում նշված է, որ շիա մահմեդականների գերակշռող մեծամասնությունը իրանական ծագում ունեցող թաթեր էին՝ կազմելով ամբողջ բնակչության ¾-ը և խոսում էին  ոչ թե թյուրքերեն, այլ նոր պարսկերեն լեզվով, իսկ ¼-ը թաթարներն էին:

Այսինքն՝ 39508 շիա մահմեդականներից թաթեր էին 29.631-ը, իսկ 9.877-ն ունեին թյուրքական ծագում: Եթե նկատի ունենանք գրքույկում նշված այն փաստը, որ թաթարների մի մասն էլ «մինչ այժմ իրենց անվանում են մողալներ, այն է՝ մոնղոլներ», ապա 1889 թ. ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվում էր մոտ 7000 կովկասյան թաթար, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության ( 92600)  7-8%-ը:

Այստեղից հետևում է, որ XIX դ. 80-ական թվականների վերջերին Բաքվի բնակչության մեջ թաթերից հետո երկրորդ տեղը զբաղեցնում էին հայերը: Բաքվի շրջակայքում բնակչության թիվը 58578 էր, որից հայեր էին՝ 2083-ը[10]:

Բաքվի բազմազգ բնակչության, այդ թվում նաև հայերի թվի նվազման պատճառ դարձավ 1892թ. հունիսի 6-ից բռնկված խոլերայի համաճարակը: Հայ բնակիչների կեսից ավելին հեռացավ քաղաքից և հաստատվեց նահանգի գավառներում, Արցախի և Զանգեզուրի տարբեր գյուղերում: Փաստերը վկայում են, որ համաճարակներից բացի` Բաքվի հայ բնակչությունը մեծապես տուժել էր նաև բուն քաղաքում և հատկապես արդյունագործական-գործարանային շրջաններում տեղի ունեցող հրդեհներից: 1880թ. փետրվարի վերջերին քաղաքի կենտրոնական մասում բռնկված հրդեհի պատճառով այրվել էին Լալայանցներին պատկանող խանութները: 1895թ. հունվարի 30-ին քաղաքի կենտրոնում բռնկված հրդեհի  հետևանքով ամբողջովին այրվեց Քալանթարյան եղբայրներին պատկանող և  «քաղաքի զարդ» համարվող եռահարկ «Պասաժը»[11]:

 XIX դարի վերջին քառորդին Բաքուն բազմազգ քաղաք, որտեղ, բացի հայերից, թաթարներից, ռուսներից և փոքրաթիվ վրացիներից ու հրեաներից , ապրում էին նաև եվրոպական ժողովուրդներ (լեհեր, շվեդներ, գերմանացիներ):

Ս.Պետերբուրգում 1902թ. լույս տեսած «Մեծ հանրագիտարան»-ի համաձայն`Բաքվում (առանց արդյունագործական-գործարանային շրջանների) հայ բնակչությունն իր թվաքանակով զբաղեցնում էր երկրորդ տեղը: Այստեղ արձանագրված է, որ 1897 մարդահամարի տվյալներով շիա թաթարներից հետո երկրորդ տեղում էին հայ առաքելականները: Կարևոր է նշել, որ արդի ադրբեջանցի «ժողովրդագիրների» աշխատություններում 1897թ. համառուսաստանյան առաջին մարդահամարի նյութերը ներկայացված են թերի հաշվառումներով և խիստ աղավաղված են: Օրինակ՝ Իսմայիլ-Զադեն անտեսում է այն հանգամանքը, որ մահմեդական կրոնին պատկանող ղըրղըզները, բաշկիրները, չուվաշները, կումիկները, թյուրքերն ու թաթարները 1897թ. մարդահամարի նյութերում նշված են «թուրք-թաթարներ» անունը կրող աղյուսակում: Նա քաղաքական նպատակներով աղավաղել է պաշտոնական վիճակագրական նյութերը և «Անդրկովկասի քաղաքների բնակչությունը XIXդ.-XX դարի սկզբում» աշխատության՝ «Անդրկովկասի քաղաքների էթնիկ կազմը մայրենի լեզվով 1897թ.» աղյուսակում վերը նշված էթնիկ խմբերն ու նրանց թվական աճը  դիտավորյալ նշել է մարդահամարի հարցաթերթիկներում և աղյուսակներում ընդհանրապես բացակայող «ադրբեջանցի» արհեստածին անվան տակ:

Այս հայեցակարգով է առաջնորդվել նաև ադրբեջանցի մեկ այլ հեղինակ՝ Տ. Ալիխանովան: Վերջինիս «Ադրբեջանի ազգային և էթնիկ փոքրամասնությունները XXդ.» ուսումնասիրության մեջ աղյուսակի տեսքով տրված է երկրամասի ժողովուրդների շարժը` 1897-1999թթ.: Այստեղ վերը  նշված էթնիկ խմբերը ներկայացվել են իբրև «ադրբեջանցիներ»:

Բաքվում բնակչությունը աճեց նաև 1890-ական թվականների վերջերին, ինչի արդյունքում 1897-1898 թթ. քաղաքի արվարձանում հիմնվեց  հայկական մի նոր գյուղ, որը աղբյուրներում հիշատակվում է նաև «Հայոց քիչլի» անվամբ: Ս. Ծոցիկյանի վկայությամբ` «Այս Նոր Հայկական գիւղը, Պաքուի մէկ արուարձանը, ասկէ գրեթէ 25 տարի առաջ հիմնուեցաւ, Հայոց ձեռամբ: Անոր բնակիչները բոլորը հայ են»[12]:

Մեծ էր հայերի  ավանդը նաև Բաքվի շենացման գործում: Տնտեսական կյանքի աշխուժացման պայմաններում հատկապես ավելի էր հզորանում հայ առևտրաարդյունաբերական խավը: Ադյունքում՝ XIXդ. վերջերին Բաքվում արդեն կար ձևավորված և բավականին ազդեցիկ հայ առևտրաարդյունաբերական բուրժուազիա: Հայ առևտրաարդյունաբերողներից շատերը Բաքվում հիմնեցին գործարաններ, ֆաբրիկաններ և արդյունաբերական այլ ձեռնարկություններ: Բաքվի խոշոր ձեռնարկատերերի շարքում մեծ թիվ էին կազմում հատկապես հայ նավթարդյունաբերողները (Ալեքսանդր Մանթաշյանց, Փիթոյան եղբայրներ, Պողոս, Հակոբ, Աբրահամ և Արշակ Ղուկասյան եղբայրներ, Ղորղանյան եղբայրներ, Օրբելյան եղբայրներ, Առաքել Ծատուրյանց, Հովհաննես Միրզոյան, Գևորգ Լիանոսյան և այլք), որոնք  հիմք դրեցին Բաքվի նավթարդյունաբերությանը:

Այս ասպարեզում իրենց առանձնահատուկ դերն են ունեցել նաև արցախահայերը` նպաստելով քաղաքի տնտեսական և մշակութային կյանքի բարգավաճմանը: Արցախցիներ էին խոշոր նավթահանքերի տերեր եղբայրներ Առաֆելյանները, Ղուկասյանները, Կրասիլնիկյանները, Գրիգոր և Հովսեփ Թումանյան եղբայրները, Գրիգոր Դիլդարյանը, Մուսայել Շահգեդանյանը և ուրիշներ[13]:

XIX դարավերջին Բաքվի հայերը, շնորհիվ իրենց կրթվածության և գրագիտության, առաջատար դիրք ունեին քաղաքի հասարակական և քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Հայերը ոչ միայն հայտնի արհեստավորներ, վաճառականներ և նավթարդյունաբերողներ էին, այլև պետական ծառայողներ ու պաշտոնյաներ, քաղաքային դումայի անդամներ, հաճախ նաև` քաղաքագլուխներ և տեղապահներ[14]:

[1] Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը, Պատմության ինստիտուտ, Երևան, 2011, էջ 62:

[2] Նույն տեղում, էջ 63:

[3] Նույն տեղում, էջ 64:

[4] Նույն տեղում, էջ 67-70:

[5] Ստեփանյան Գ., Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին, Երևան, 2010, էջ 120:

[6] Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը, էջ 76:

[7] Նույն տեղում, էջ 78:

[8] Ստեփանյան Գ., Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին, էջ՝ 122:

[9] Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը, էջ 81-82:

[10] Նույն տեղում, էջ 97:

[11] Նույն տեղում, էջ 100-103:

[12] Նույն տեղում, էջ 109-110, 112-113:

[13] Ստեփանյան Գ., Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին, էջ 144-145:

[14] Նույն տեղում, էջ 146: