2024

Երևանի Կապույտ մզկիթը ադրբեջանցիների թիրախում

Հայաստանը միակ երկիրը չէ, որի տարածքների ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ունի: Բաքուն շարունակաբար յուրացնում է ոչ միայն հայկական, այլև  իրանական նյութական ու ոչ նյութական ժառանգությունը՝ դրանով իսկ փորձելով ինքնություն կերտել, հորինել ազգային պատմություն ու ըստ այդմ՝ հավելյալ ու «հիմնավորված» հավակնություններ ներկայացնել հարևանների նկատմամբ: Հենց սրանով է պայմանավորված Իրանի ու Ադրբեջանի միջև հակասությունների և քաղաքական տարաձայնությունների առաջացումը:

Բաքուն ադրբեջանական է ներկայացնում Իրանի պատմական, գրական գործիչներից մինչև մշակութային արժեքները, այդ թվում՝ Սեֆյան դինաստիայի ներկայացուցիչներին, պոետ Նիզամի Գյանջավիին, ճոկան խաղը, իրանական գորգերը, մանրանկարչության արվեստը և այլն:

 «Ադրբեջանականացման» քաղաքականությանն է ենթարկվել նաև Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթը: Այստեղ խնդիրը հավասարաչափ առնչվում է և՛Իրանին, և՛ Հայաստանին, քանի որ Երևանում այս մզկիթի առկայությամբ Բաքուն փորձում է հիմնավորել Երևանի՝ «ադրբեջանական» լինելու թեզը: Այս թեզն Ադրբեջանն առաջ էր տանում նախքան 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմը, սակայն այս ուղղությամբ քարոզչական աշխատանքները ներկայումս նոր թափ են ստացել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի շրջանակներում:

Ամենացայտուն օրինակը 2022թ. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովի ու Թաhիր Միրքիշիլիի այցելելությունն էր Կապույտ մզկիթ և այն «Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձան» անվանելը:

«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան գիտենք, սա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Թեև պատերին այլ երկրի պատկանող գրառումներ են, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Ադրբեջանցիների աղոթքները բարի են և, ի վերջո, կատարվում են», - Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր Միրքիշիլին:

Ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանն առաջինը արձագանքեց  իրանական կողմը: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան թվիթերյան  էջում տեղադրվեց հետևյալ գրառումը. «Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակների ընթացքում` որպես աղոթավայր և հավաքատեղի, շատ ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանում ապրող մուսուլմանների համար, ինչպես նաև ունեցել է զբոսաշրջային գրավչություն։ Շատ հաճելի է, որ պարսկական դարավոր գրվածքները պահպանվել են։ Ո՞վ կարող է դրանք կարդալ»։

Եվ իսկապես, Ադրբեջանը, սովորության  համաձայն, իր  սեփականությունն  է համարում մի կառույց, որը ադրբեջանական չէ: Մզկիթն իր բոլոր առանձնահատկություներով, այդ թվում՝ արձանագրություններով, իրանական ճարտարապետական կոթող  է, որը կանգուն է մնացել հայերի ջանքերով:

Հարկ է նշել, որ Կապույտ մզկիթը շուրջ 260 տարեկան է: Այն կառուցվել է 1765-1768 թթ. Հուսեյն Ալի խանի օրոք՝ իրանական Զենդ արքայատոհմի իշխանության վերջին տարիներին, երբ Արևելյան Հայաստանն Իրանի տիրապետության տակ էր:

Մզկիթն ըստ նշանակության գործել է մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը: Խորհրդային իշխանությունների հակակրոնական քաղաքականության արդյունքում մզկիթը, մի շարք եկեղեցիների նման, ևս եղել է քանդման վտանգի ներքո: Մզկիթը ոչնչացումից փրկել են հայ մտավորականները, հատկապես՝ Եղիշե Չարենցը: Ի դեպ, իրանցիները շատ բարձր են գնահատում Չարենցի վաստակը և մզկիթում բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումներ են հաճախ  կազմակերպում:

 Ոչնչացումից փրկելուց հետո մզկիթում տեղակայել են Երևանի պատմության թանգարանը: Հայաստանի անկախացումից հետո, իրանական կողմի հետ պայմանավորվածության արդյունքում, մզկիթը վերանորոգվել է, կրկին վերաբացվել 1996 թվականին և շարունակել ծառայել`ըստ նշանակության: Մզկիթը վերանորոգվել է նաև 2009-2011 թթ.:

Մզկիթի «անձնագիրն» ու պատկանելիության ցուցիչը իրանական ճարտարապետական ոճն ու կառույցի վրա եղած  արձանագրություններն են, որոնք բացառապես գրված են պարսկերեն և արաբերեն: Արաբերեն մեջբերումները  Ղուրանից են: Պարսկերեն արձանագրություններով են մզկիթի մեհրաբներից մեկը և  շքամուտքը: Այդ արձանագրություններում նշված են մզկիթի կառուցման, վերանորոգման մասին, ինչպես նաև կառուցող վարպետների ու պատվիրատուի անունները: Մզկիթի պատերին առկա են նաև մի շարք հուշագրություններ, որոնք ևս պարսկերեն են:

Չնայած խոսուն փաստերի առկայությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է մզկիթն  ադրբեջանական համարել: Հակառակ ադրբեջանական ջանքների` իրանցիները, հայկական կողմի հետ համագործակցությամբ, շարունակում են հոգևոր-մշակութային միջոցառումներ անցկացնել մզկիթում:

Ներկայումս Կապույտ մզկիթը հոգևոր հավաքատեղի է ոչ միայն իրանցիների, այլև Հայաստան այցելող օտարերկրյա այլ զբոսաշրջիկների համար: Միաժամանակ, այն նաև Հայաստանի ու  Իրանի մշակութային երկխոսության, այլ կրոնների հանդեպ Հայաստանի ու հայ ժողովրդի  բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն է: