2024

Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում. Քորթոշյան

Արցախում հայկական մշակութային ժառանգության ճակատագրի, Բաքվի՝ հայկական հետքի ոչնչացմանն ուղղված քաղաքականության և, առհասարակ, հայկական ճարտարապետության անցյալի և ներկայի մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (ՀՃՈՒ) հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանն, օգտվելով միջազգային կառույցների անգործությունից, մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում։ Ըստ Քորթոշյանի՝ սա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք, այլ պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, մինչև հասնենք արդյունքի։

-Պարո՛ն Քորթոշյան, եթե նախկինում մենք մտահոգված էինք ավելի շատ Արևմտյան Հայաստանում հուշարձանների հետ կապված, ապա այսօր դրանց գումարվել է նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում գտնվող մեր հայկական մշակութային ժառանգությունը։ 44-օրյա պատերազմից հետո անցել է արդեն 4 տարի։ Ի՞նչ պատկեր Է Արցախում։

-Տեսեք, մենք մտահոգված էինք նաև անցած 30 տարիների ընթացքում, որովհետև Ադրբեջանը կատարում էր այն նույն գործողություններն, ինչ Թուրքիան՝ Արևմտյան Հայաստանում, և անցած 30 տարիների ընթացքում այն բոլոր տարածքներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ էին՝ դա լինի Նախիջևանը, հյուսիսային Արցախը, Կուրի ձախ ափը, նույնիսկ՝ մինչև Բաքու, այդ բոլոր բնակավայրերում Ադրբեջանն իրականացնում էր հայկական հետքի վերացում։ Այսինքն՝ սա նորություն չէ․ մենք տեսել էինք, մտահոգված էինք։ Եվ արդեն 44-օրյա պատերազմից հետո այն տարածքները, հայրենիքի այն հատվածները, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, արդեն գործողությունները տեսանելի էին, և Ադրբեջանն այն նույն գործողություններն իրականացնում էր և՛ Քարվաճառի տարածքում, և՛ Բերձորի, և՛ Հադրութի տարածքներում։ Եվ այսօր՝ արդեն 2023 թ․ սեպտեմբերից հետո, ամբողջ Արցախի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ինքը այնտեղ իրականացնում է հայկական հետքի վերացման գործողությունները:

-Պարո՛ն Քորթոշյան, նրանք չեն արձագանքում միջազգային հանրության կողմից արված կոչերին։ Այսինքն՝ անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում։ Մասնավորապես՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են հիմնահատակ ավերվում եկեղեցիներ և հուշակոթողներ։ Այս առումով ի՞նչ պետք է անել, կամ ինչ-որ մի կերպ կարո՞ղ ենք կանգնեցնել ալիևյան ռեժիմի վարած քաղաքականությունը, որովհետև սա կարող ենք նաև որակել որպես մշակութային ցեղասպանություն։

-Սա մշակութային ցեղասպանություն է՝ իր ամբողջ տեսակով, և Ադրբեջանը պարզապես օգտագործում է միջազգային հանրության անգործությունը, որովհետև միջազգային հանրությունը, հայտարարություններից կամ բանաձևերից բացի, ուրիշ ոչ մի բան չի անում։ Այո՛, հանցագործին արդեն նշում են, բայց հանցագործի ձեռքը չեն բռնում, և Ադրբեջանը սա օգտագործում է իր օգտին։ Եվ ես չեմ մտածում, որ չի վախենում, որովհետև, եթե Ադրբեջանը չվախենար, իրականության մեջ այդ գործողությունները շատ արագ ավարտված կլինեին, և այսօր մենք կարող էինք հուշարձան չտեսնել։ Բայց, դեռևս հուշարձաններ կան, և Ադրբեջանն, այո՛, շարունակում է հայկական հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը։ Նա դրանից չի ձերբազատվել, սակայն հիմա գործում է ավելի ծածուկ։ Եվ, անշուշտ, սա ոգևորիչ չէ մեզ համար, որովհետև, միևնույն է, եթե հայկական հուշարձանները երեք տարվա մեջ ավերել են կամ տասը տարվա մեջ են ավերել կամ տասնհինգ տարվա մեջ, վերջնահաշվարկում, այն տարածքներում, որտեղ Ադրբեջանը վերահսկում է, մենք չենք ունենալու հայկական հուշարձաններ։

Հետևաբար՝ մեր իրականությունն այն է, որ մենք պետք է աշխատենք, չսպասենք միջազգային հանրության քայլեր անել-չանելուն, մենք մեր քայլերը պետք է անենք, մենք մերօրյա գործունեությամբ պետք է մատնանշենք Ադրբեջանի կատարած գործունեությունը՝ ավերումները։ Մենք պետք է ցույց տանք միջազգային քաղաքակիրթ հանրությանը, որովհետև կան այնպիսի երկրներ, որ նրանց համար կարևոր չեն այդ հուշարձանները նույնիսկ։ Այո՛, քաղաքակիրթ հանրությանը պիտի ցույց տանք Ադրբեջանի իրական դեմքը՝ դրանով իսկ փորձելով փրկել այն, ինչ հնարավոր է փրկել։ Եվ նաև դրանով ժամանակ շահելու, որ թեկուզ Ադրբեջանը դանդաղեցնի այդ գործունեությունը։

-Երբ որ ասում ենք մեր աշխատանքով, նշանակում է հետևենք ադրբեջանական գործողություններին, ամեն մի քարն, ամեն մի հուշարձանը, որոնք փորձում են վնասել կամ վանդալիզմի ենթարկել, դրանք արձանագրենք, դրանց մասին հանրայնացնենք նաև միջազգային հանրությանը։ Բայց արդյո՞ք միջազգային հանրության հետ պետք է խոսել միայն այդ լեզվով, թե՞ կան նաև իրավական և այլ ճանապարհներ։

-Անշուշտ, կան իրավական ճանապարհներ։ Այսինքն՝ միջազգային դատարաններում մենք ունենք հստակ դատեր, հստակ որոշումներ, որ Ադրբեջանը պետք է պահպանի հայկական հուշարձանները, բայց, ցավոք, դա պատժիչ որոշումների չի անցնում։ Այսինքն՝ մենք տեսանք՝ նույնիսկ այդպիսի որոշումներ չեղան՝ Արցախի բնակչության բռնի տեղահանման հետ կապված, և ինքը հենց բնակչության ցեղասպանություն էր, այսինքն՝ բռնի տեղահանումը, բռնի գաղթը հենց ցեղասպանության տեսակ է։ Եվ այդ դեպքում էլ չեղան միջազգային ոչ մի պատժիչ որոշումներ, ուր մնաց՝ հուշարձանների դեպքում։ Բայց նորից եմ ասում, սա մեզ թույլ չի տալիս, որ մենք դանդաղեցնենք մեր աշխատանքը, որովհետև Ադրբեջանը մյուս կողմից նաև կեղծ հակափաստարկներ է ներկայացնում, միջազգային հանրությանը կեղծ թեզեր է ներկայացնում։ Եվ այդ թեզերը պետք է պատասխաններ ստանան, և ճիշտը պետք է մատուցվի հանրությանը՝ դա լինի գիտնականներին, դա լինի քաղաքագետներին, դա լինի դիվանագետներին։ Այո՛, Ադրբեջանը կարող է հազար սուտ հնարել, գրքեր, հոդվածներ և այլն, բայց մի ճիշտ հոդված, մի ճիշտ գիրք, մի ճիշտ ուսումնասիրություն կարող են հազարին ջրել, բայց, եթե հազարի դիմաց մեկն էլ չդնես, արդեն այդ հազարը կդառնա օրենք։

-Պարո՛ն Քորթոշյան, ես նկատի ունեի՝ արդյո՞ք «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը համագործակցում է իրավական ընկերությունների հետ, միջազգային իրավաբանների հետ։ Ընդհանուր ինչ-որ ծրագրեր ունե՞ք, թե՞ Դուք միայն այս պահին զբաղվում եք արձանագրելով, դրանք հանրայնացնելու գործով։

-Ո՛չ, մենք ունենք կապեր․ չեմ ուզում նրանց մասին ներկայացնել, բայց, այո՛, մենք կապեր ունենք, և մեր հրապարակած նյութերը, գրքերը, հոդվածները, ֆիլմերը, վավերագրական ամեն ինչ օգտագործվում են նաև դատարաններում, միջազգային ատյաններում, դրանք օգտագործելի են և օգտագործվում են։ Այդտեղ խնդիր չկա, պարզապես խնդիրը մյուս մակարդակում է, որ դրանից հետո չի անցնում գործնական պատժամիջոցների։

-Պարո՛ն Քորթոշյան, Ալիևը հայտարարեց, որ այն հուշարձանները, եկեղեցիները, որոնք կառուցվել են 90-ականներից հետո, դրանք պետք է ոչնչացվեն, և միայն ավելի վաղ կառուցված, այսինքն՝ ավելի հին ժամանակների մշակութային կոթողներն ու հուշարձաններն են, որոնք կպահպանվեն, իսկ Բաքուն, տեսնում ենք, թե «պահպանվել» հասկացողության ներքո ինչ քաղաքականություն է վարում՝ հայկական եկեղեցիները միջազգային հանրությանը ներկայացնելով որպես աղվանական։ Վերջերս Վատիկանի գլխավոր պաշտոնաթերթն էր անգամ գրել, որ Գանձասարը ևս աղվանական եկեղեցի է։ Մենք հստակ տարբերո՞ւմ ենք՝ որն է աղվանական եկեղեցի, որն է հայկական եկեղեցի։ Այս առումով ի՞նչ կասեք։

-Այո՛, տարբերում ենք, անշուշտ, բայց նախ անդրադառնամ Ալիևի խոսքին․ դրանք կեղծ հայտարարություններ են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նորից միտում է, նպատակ է, որովհետև այսօր էլ կան հուշարձաններ, որոնք 90-ականներից առաջ են կառուցված եղել և ավերվել են և ավերվում են։ Այսինքն՝ դա պարզապես մոլորեցնելու նպատակ ունի։ Ալիևը կարող է ավարտին հասցնի 90-ականներից հետո կառուցված բոլոր հուշարձանների ավերումը, անցնի 1830-ականներից հետո կառուցվածներին, որովհետև իր ասելով՝ հայերին ռուսներն են բերել և այդպես գա հասնի մինչև վաղ միջնադար։

Հետևաբար, Ալիևն առաջին օրերին Ծաղկավանքի մոտ էր գնացել և 17-րդ դարի արձանագրությունն ասում էր ֆեյք արձանագրություն է և դրանից հետո սկսեցին այդ արձանագրությունները քերել։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը թվիթերյան հայտարարություն էր անում, որ հայերն ամեն տեղ խաչքար են տեղադրում և հայացնում են նույնիսկ թուրքական բերդերը։ Աղդամի բերդի մի լուսանկար էր դրել և այնտեղ խաչքար էր տեղադրել, այսինքն խաչքարի նկար կար։ Իրականում ամբողջը կեղծ էր, որովհետև այդ խաչքարը ոչ թե հենց Աղդամում էր, այլ այդ խաչքարը Վրաստանի տարածքում էր՝ մոտ 800 կմ հեռու Աղդամից։ Եվ դրանից հետո սկսվեց խաչքարերի որս, խաչքարերի ավերում։ Այսինքն՝ դրանք կեղծ խոսակցություններ էին ամբողջությամբ, կամ նույնսիկ, եթե հիշեցնեմ Նախիջևանի, Ջուղայի խաչքարերի դեպքը, երբ 90-ականներին սկսեցին այդ խաչքարերը հարթեցնել՝ կանգուն խաչքարերը տապալել, այդ ժամանակ հայկական կողմի արձագանքներին պատասխանեցին, որ դրանք մեր նախնիների՝ աղվանների խաչքարերն են, խաչերն են, և մենք դրանք չենք ավերում։ Ի՞նչ եղավ հետո։ Ամբողջությամբ փշրեցին խաչքարերը՝ հենց բանակի ուժով։ Հետևաբար այդ խոսակցությունները կեղծ հայտարարություններ են։

-Պարո՛ն Քորթոշյան, ըստ էության, այն գիտնականները կամ այն անհատները, ովքեր զբաղվում են տարածաշրջանով, մասնավորապես՝ նաև կոնֆլիկտներով, հստակ տարբերակում են ու գիտեն, որ այս եկեղեցիները, այս կառույցները քրիստոնեական են, հայկական են, բայց դա չի խանգարում, որպեսզի պատվիրված հոդվածներ տպվեն արտասահմանում՝ գիտական հանրույթի համար։ Մնում է՝ մենք էլ անընդհատ տորպեդահարենք, հակընդդեմ արձագանքը տանք, թե՞ նաև այլ գործողություններ պետք է անել։

-Չէ՛, կեղծիքը պետք է մատնանշվի, մանավանդ օտար գիտնականների կեղծածները պետք է մատնանշվեն, որ նրանք նաև հեղինակազրկվեն, որ նրանց խոսքն արժանահավատ չլինի։ Եվ նաև, եթե մարդ իրեն գիտնական է համարում, պետք է կարողանա կեղծը ճշտից զանազանել, պետք է, այո՛, անպայման պատասխան տալ, ինչպես նաև պետք է զարկ տալ այն օտար հայագետներին, որ նրանք էլ ունենան հրապարակումներ, խոսեն, հակադարձեն։ Անշուշտ, մենք պետք է աշխատենք ոչ միայն պատասխանով, այլ նաև՝ մեր ուսումնասիրություններով։ Այսինքն՝ մենք պետք է ուսումնասիրենք մեր արխիվները, մեր ունեցած նյութը, մեր հավաքած նյութը, հրապարակենք դրանք, որոնց վրա նաև հնարավոր է հենել գիտական այլ աշխատություններ։

-Շա՛տ լավ, պարո՛ն Քորթոշյան, եթե Արևմտյան Հայաստանի դեպքում նաև հնարավորություն ունենք դաշտային աշխատանքներ կատարելով արձանագրել, թե որ հուշարձանը, եկեղեցին ինչ վիճակում են և արագ արձագանքենք, ապա այսօր Արցախի դեպքում դա բավականին բարդ է դարձել։ Ինչպե՞ս եք դա իրականացնում։ Այդ արձանագրությունն ինչպե՞ս եք հավաքում։

-Տեսեք, մի քանի արգելափակում կա․ Ադրբեջանը չի թողնում նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք խմբերին մուտք գործել Արցախի տարածք, և այստեղ միակ ձևը, (անշուշտ մի քանի ձևեր կան) արբանյակային հնարավոր լուսանկարներն են։ Դա էլ անում է «Caucasus Heritage Watch» կազմակերպությունը, որն Ամերիկայում է, և մենք համագործակցում ենք նրանց հետ: Նրանք մշտադիտարկում են անում՝ շաբաթական, ամսական, այդ կոորդինատներով դրված տեղերը լուսանկարում են, և դրանով մենք կարողանում ենք զգալ տարբերությունը՝ ինչ վիճակում էր նախկինում ու հիմա։ Բայց այստեղ մի խնդիր կա․ այնտեղ մենք միայն կարողանում ենք փաստել այն ավերումները, որոնք մեծ են, այսինքն՝ շինարարական մեքենաներով ավերել են եկեղեցի․․․

-Ինչպես Բերձորի դեպքում։

-Այո՛, կամ գերեզմանոցը։ Այսինքն՝ մեծ ավերումները, որոնք շինտեխնիկայով են լինում, դրանք են երևում, իսկ փոքր ավերումները, այսինքն՝ խաչքարերի պատերի վրայից հանելը, արձանագրությունների քերումը և այլ այդպիսի փոքր ավերումներ հնարավոր չէ այդ արբանյակային լուսանկարներով տեսնել։ Դա էլ կարողանում ենք ստուգել ադրբեջանցի օգտատերերի դրած վիդեոներով կամ լուսանկարներով:

նդրադառնանք Ձեր աշխատանքներին, նաև Ձեր գրքին, որտեղ փաստահավաք կերպով հավաքված են հուշարձանները, եկեղեցիները։

-Տեսեք, սա անգլերեն է, կոչվում է «Ադրբեջանը և հայ քաղաքակրթության ոչնչացումը»։ Այստեղ ներկայացված են անցած` 1994-ից հետո, Ադրբեջանի վարած քաղաքականությունն Ադրբեջանի կողմից վերահսկած տարածքներում, հայկական հուշարձանների ոչնչացումը և զուգահեռներն արդեն 44-օրյա պատերազմից հետո և այսօր։ Այստեղ բազմաթիվ փաստեր կան, երբեմն՝ հին լուսանկարներով, և նոր լուսանկարներով, թե ինչ վիճակում են այդ հուշարձանները։ Մենք 44-օրյա պատերազմից հետո արդեն 4 գիրք ենք հրատարակել՝ Ադրբեջանի քաղաքականությունը ցույց տվող․ հիմնականում՝ անգլերեն, և կա նաև ռուսերեն։ Այսինքն՝ հիմնականում օտար լեզուներով ենք անում, որովհետև սա զուտ քարոզչական է։ Բայց, անշուշտ, կանգ չենք առնում դրանով։ Մենք, օրինակի համար, հրատարակել ենք Արցախի մանրատեղանունները։ Անցած 20 տարիների ընթացքում Սամվել Կարապետյանը հավաքել էր և, ցավոք, չէր հրատարակել, և նրա մահից հետո մենք կարողացանք դա հրատարակել։ Պատկերացրեք մի քանի հազար մանրատեղանուներ՝ ամեն մի սարի, թփի անունները, որոնք հենց Արցախի բնիկ ժողովուրդն ինքն է անվանել ու այդ տեղանունների որոշները նույնիսկ վանքերի հիշատակարաններում են հիշված, վանքերի արձանագրություններում են հիշատակված։ Տեսեք՝ ինչ տեսակի փաստեր են։ Մենք նաև Արցախի քարտեզագիրքն ենք տպագրել՝ իր վանքերով, կամուրջներով, բերդերով, աղբյուրներով, ռուսերեն և անգլերեն հրատարակել ենք։ Հայկական աղբյուրներն ենք հրատարակել, որտեղ առյուծի բաժին ունի նաև Արցախը, և աղբյուր ասելով՝ նկատի ունենք ջրի աղբյուրնեը, հուշարձան աղբյուրների մասին է խոսքը։ Եվ այսպես շարունակ։

-Իսկ այս հրատարակված գրքերը Դուք նվիրու՞մ եք արտասահմանյան միջազգային հայտնի գրադարաններին, համալսարաններին։

-Այո՛, այո՛, նվիրում ենք։ Սա, անշուշտ, դեռևս նոր է հրատարակվել, դեռևս․ այսինքն՝ հանրությանը չենք ներկայացրել շնորհանդեսի միջոցով, բայց, այո՛, օրինակ՝ նախորդ գիրքը, որը ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով եղավ, Արցախի վտանգված քրիստոնեական հուշարձանների մասին է։ Դրա 500 օրինակը միայն բաժանվեց աշխարհի տարբեր գրադարաններ, և դա արդեն ԿԳՄՍ-ի դրամաշնորհի ժամանակ իր որոշումն էր, որ այդպես պետք է լիներ։ Եվ 500 օրինակ մենք կարողացանք տարբեր՝ ոչ թե միայն հայագիտական, այլ աշխարհի տարբեր գրադարաններ ուղարկել։

-Սա շատ կարևոր է, որպեսզի դիմագրավենք այսօրվա Բաքվի մշակութային վանդալիզմի քաղաքականությանը։ Ինչպես կարծեմ Սամվել Կարապետյանն էր ժամանակին ասել, որ հուշարձանները պահպանվում են, եթե այդ տարածքներում բնակվում են հուշարձաններն ստեղծողներն ու նրանց ժառանգներն, այսինքն՝ տեղի բնակիչները, եթե այս առումով նայենք, կարծում եմ՝ մենք Արցախում, ցավոք, մի քանի տարի հետո կունենանք ավելի վատ իրավիճակ, քան այս պահին է։ Առհասարակ, Դուք ի՞նչ հույս ունեք։

-Տեսեք, ես մշտապես հույս ունեմ, որովհետև, եթե հույս չունենաս, ուրեմն չես աշխատելու, չես պայքարելու, հետևաբար՝ քո կյանքը ինչի համար է։ Մենք պետք է մեր սխալներից սովորենք և մեր սխալները չկրկնենք և շարունակենք աշխատել։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք Արցախում պահպանված հուշարձանները շարունակել պահպանել մեր աշխատանքով՝ թեկուզ ժամանակ շահելով, մի որոշ ժամանակ, մինչև այնտեղ հայ կյանքը վերստին ապրի և, այո՛, ճիշտ եք Դուք ասում, որ հայկական հուշարձանները պետք է պահեն այն մարդիկ, որոնք ստեղծել են այդ հուշարձանները, որովհետև փորձը ցույց է տվել, որ այն տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, եթե հայը չի ապրում, նոր տերերը այդ հուշարձանների նկատմամբ չունեն բարեխիղճ մոտեցում և, հետևաբար, նրանք ավերում են, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ այդ տեղերում ապրի այն հայը, ով ստեղծել է այդ միջազգային հարստությունը, և միջազգային այդ համամարդկային արժեքները պահի այն մարդը, ով ստեղծել է դա։

-Պարո՛ն Քորթոշյան, Ադրբեջանի ձեռքերը հասնում են նաև ՀՀ ինքնիշխան տարածք։ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի օրակարգում Ադրբեջանը մերթընդմերթ, հեռուստաընկերություններով, սոցցանցերով խոսում է Հայաստանում գտնվող եկեղեցիների, մշակութային կոթողների մասին՝ ներկայացնելով դրանք թուրքական։ Այդ առումով ի՞նչ կարող ենք անել։

-Տեսեք, երբ որ հանցագործի ձեռքը չեն բռնում, նա շարունակում է հանցագործություն անել։ Եվ Ադրբեջանի իշխանություններն իրենց ցանկություններն են արտահայտում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Մատնանշելով «Արևմտյան Ադրբեջան»կեղծ թեզը՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը ապագայում ծրագիր ունի ՀՀ տարածք ներխուժելու։ Սա ակնհայտ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում